Իրանն ու Ադրբեջանը քննարկել են ռուսական գազի փոխադրման հարցը

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանա Սադիղը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը քննարկել են Ադրբեջանի միջոցով ռուսական գազն Իրան տեղափոխելու հարցը։ Լուրը հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Երեքշաբթի օրը Ֆարզանա Սադիղը ընդունել է Իրան այցելած Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությանը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ նավթային բլոկների զարգացումը, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ներառումը երկու երկրների միջև գազի փոխանակման համաձայնագրում, ռուսական գազն Ադրբեջանի տարածքով Իրան տեղափոխումը և երեք երկրների միջև էլեկտրաէներգետիկ ցանցերի զարգացումը», -ասվում է հայտարարության մեջ։

Այցի շրջանակներում ադրբեջանական պատվիրակությունը կայցելի Շահիդ Ռաջայի նավահանգիստ և կստորագրի Ադրբեջանի և Իրանի միջև համագործակցության հուշագիր: