Կյանքիս մեծագույն սխալը գործել եմ, երբ 2018 թ. ապրիլին ողջունեցի Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, մեկնարկել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով առաջին դատական նիստը, որի ընթացքում եզրափակիչ ելույթով հանդես եկավ Միքայել սրբազանը:
«Անշուշտ, նպատակն ինձ վարկաբեկելն էր՝ հասարակության լայն զանգվածներին ցույց տալու համար, որ հոգևորականը, ում այսքան տարի հարգել եք, հանցագործ է: Բայց հակառակ էֆեկտն ունցավ: Նրանք, ովքեր ինձ չէին ճանաչում, ճանաչեցին: Մյուսները հասկացան՝ իմ գործողություններում խնդիր չկա»,- ասաց Միքայել սրբազանը:
Նրա խոոսքով, չկա այնպիսի գաղթօջախ, ուր ինքը չի եղել, հետևաբար՝ այս կատակերգությանը հետևում են ոչ միայն Գյումրիում ու Հայաստանում, այլև ողջ աշխարհում:
«Ինձ հետևում է հայությունը, իսկ հայությունից դուրս ինձ ոչինչ չի հետաքրքրում: Ամբողջ կյանքս շարունակելու եմ ապրել հայ ժողովրդի, հայկական պետականության, որ այսօր զավթված է, և հայ եկեղեցու համար: Շարունակելու եմ ծառայել այս գերբին ու այս դրոշին, որ ոմանք արատավորում են»,- ասաց Միքայել սրբազանը:
Նա պնդեց՝ սա քաղաքական պատվեր է ու քաղաքական հետապնդում այսօրվա իշխանությունների կողմից:
«Շատերին է հայտնի, որ կյանքիս մեծագույն սխալը գործել եմ, երբ 2018թ. ապրիլին ողջունեցի Նիկոլ Փաշինյանին, երբ ինքը կատարում էր իր հեղաշրջումը: Հետ կանգնեցի, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը վարչապետ է ուզում դառնա: Այդ ժամանակից դարձա այս իշխանության աչքի փուշը: Հետապնդումն այդ օրվանից սկսվեց»,- ասաց Միքայել սրբազանը:
Արքեպիսկոպոսը հիշեցրեց՝ ռազմական հեղաշրջման մասին խոսել է 2020թ. պատերազմի օրերին:
«Օրը ճշտեք, ասել եմ՝ ռազմական հեղաշրջում է պետք, այս մարդը (Նիկոլ Փաշինյան.- Գ.Ս.) պետք է հեռացվի, որովհետև նա սպառնալիք է… 2022թ. «168 ժամին» հարցազրույց եմ տվել, դրել են մեղադրանքի հիմքում: Լավ է՝ չեն գնացել «168 ժամի»-ի լրագրողին հարցնեն՝ դու ո՞նց ես ընկալել Սրբազանի ասածը, որովհետև լրագրողն ասելու էր՝ ոչ մի հեղաշրջման կոչ էլ չի արել էդ մարդը»,- ասաց Սրբազանը:
Նա խոսեց նաև իրավապահներին տրված հրահանգի մասին:
«2024թ. փետրվարին, մարտին, հունիսին, հուլիսին, օգոստոսին, սեպտեմբերին, հոկտեմբերին, նոյեմբերին, դեկտեմբերին, 2025թ. հունվար-մայիսին հանցագործ չէի, կամ տեղյակ չէին, 2025թ. հունիսին դարձա հանցագործ, որովհետև հունիսին հայտնի ցավագարը ոտքերը խփել է գետնին, ասել՝ բռնե՛ք դրան: Եթե Ազգային ժողովում է տենց հիստերիա անում, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կաներ, ու գտնում են փետրվարի 2-ի հարցազրույցը»,- ասաց Շիրակի թեմի առաջնորդը:
Մանրամասները՝ 168-ի տեսանյութում

