Վիճաբանություն և դանակահարություն բուհից քիչ հեռու. Ոստիկանություն է տեղափոխվել 15 մարդ

Այսօր դանակահարություն է տեղի ունեցել Երևանի կենտրոնում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 11:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում, Երևանի քրեական ոստիկանությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարված վիճակում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի:
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, սակայն բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը իրենց մոտ է ընդունվել «որովայնի առաջային պատի ծակած-կտրած վերք» ախտորոշմաբ, գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի բնակիչ 18-ամյա Համլետ Ու.-ն է: Իրավապահները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Երևանի տնտեսագիտական համալսարանի դիմաց գտնվող այգուց:
Քրեական և համայնքային ոստիկանները հիվանդանոցի տարածքից Երևանի քրեական ոստիկանություն են տեղափոխել մոտ 15 քաղաքացու, ովքեր կասկածվում են կամ վիճաբանությանն ու դանակահարությանը մասնակցություն ունենալու, կամ ականատես լինելու մեջ:  Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները, մասնակիցների ինքնությունն ու ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի մասնակիցներին պարզելու, նրանց և հանցագործության գործիք սուր-կտրող ծակող առարկան հայտնաբերելու ուղղությամբ: