ՀՀ-ն Ադրբեջանից օդային անցում է հայցել վարչապետի օդանավի համար և ստացել դրական պատասխան

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը անդրադարձել է «Հետք»-ի հոդվածին:

«Ի պատասխան լրատվամիջոցների հարցերի տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչապետի օդանավը ս/թ օգոստոսի 30–ին Ադրբեջանի օդային տարածքով է մեկնել արտերկրյա այցի և սեպտեմբերի լույս 6–ի գիշեր վերադարձել Հայաստան:

Ս/թ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության հաստատումից հետո, Հայաստանի համապատասխան մարմինները Ադրբեջանից օդային անցում են հայցել ՀՀ վարչապետի օդանավի համար և ստացել դրական պատասխան։ Այս փաստը դիտարկում ենք որպես գործնական քայլ՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման, խաղաղության օրակարգի առաջմղման և փոխվստահության մթնոլորտի ձևավորման համար։

Հիշեցնեմ, որ ադրբեջանական ինքնաթիռները տևական ժամանակ ՀՀ օդային տարածքով ապահովում են հաղորդակցությունը Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ «Հետք»-ը գրել էր, որ մեկ շաբաթ է, ինչ hայկական ավիաընկերություններն այլևս չեն խուսափում ադրբեջանական օդային տարածք մտնելուց, ինչպես եղել է նախկինում: