Սուրբ Պսակի խորհուրդը․
Սիրելի’ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս,
Այսօր անդրադառնանք Սուրբ Պսակի խորհրդին, որ Եկեղեցին ավանդել է մեզ իբրև աստվածահաստատ առաքելություն և օրհնություն։
Աստված մարդուն ստեղծեց ի սկզբանե «տղամարդ և կին», և օրհնեց նրանց, ասելով․ «Աճեցե՛ք և բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը և տիրեցե՛ք նրան» (Ծննդ. 1:28)։ Այսպիսով ամուսնությունը ոչ թե մարդկային պայմանավորվածություն է միայն, այլ աստվածային կարգադրություն, որում Տերն Իր ներկայությամբ և շնորհներով է հաստատում նորաստեղծ ընտանիքը։
Պսակը խորհրդանշում է Քրիստոսի և Սուրբ Եկեղեցու անքակտելի միությունը։ Ինչպես որ Քրիստոս Իր կյանքը տվեց Իր Եկեղեցու համար, այդպես էլ ամուսինը կանչված է սիրելու և զոհողության հոգով ծառայելու իր կնոջը։ Իսկ կինը կոչված է հավատարմությամբ և խոնարհությամբ պատվել իր ամուսնուն, ինչպես Եկեղեցին է ենթարկվում Քրիստոսին։
Պսակը նաև հաղթանակի և արքայական արժանապատվության նշան է։ Հաղթանակ՝ աշխարհի փարատիչ կրքերի նկատմամբ, և արքայական իշխանություն՝ սրբությամբ առաջնորդելու տան կյանքը։ Ամուսինները պսակվում են ոչ միայն միմյանց սիրելու և փոխադարձ երջանկություն գտնելու համար, այլ առաջին հերթին՝ Աստծո առաջ մի մարմին և մի հոգի դառնալու, որպեսզի իրենց տունը դառնա փոքրիկ եկեղեցի, որտեղ մշտապես կընդլայնվի աղոթքի, սրբության և սիրո մթնոլորտը։ Ամուսինները պարտավորվում են վերարտադրելու մեր հայ և քրիստոնյա տեսակը։
Եվ ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոս Կանայի հարսանիքին օրհնեց ջուրը գինու վերածելով, այդպես էլ Իր ներկայությամբ է օրհնում յուրաքանչյուր քրիստոնեական ընտանիք՝ պարգևելով շնորհ և ուրախություն։ Ուստի ամուսինները կոչված են մշտապես փնտրելու Տիրոջ օրհնությունը իրենց կյանքի բոլոր պահերին՝ սկսած ամենափոքրիկից մինչև ամենամեծ որոշումները։
Թող Սուրբ Պսակի խորհրդի շնորհները մշտապես լինեն բոլոր նորապսակների կյանքում․ թող նրանք ամրանան սիրո մեջ, զորանան հավատքով և վկայեն Աստծո փառքը իրենց զավակներով, իրենց տան սրբությամբ և իրենց առօրյայի արդարությամբ։
Ամեն։

