Զելենսկին պետք է ձգտի համաձայնության՝ Պուտինի հետ հանդիպելու համար․ China Daily

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ արդյունավետ հանդիպում անցկացնելու համար Վլադիմիր Զելենսկին նախ պետք է ջանքեր գործադրի՝ ուկրաինական հակամարտության հիմնական ասպեկտների շուրջ համաձայնության հասնելու։ Այս մասին գրել է «China Daily» թերթը:

«Զելենսկիին պետք է հիշեցնել, որ մինչև Մոսկվան և Կիևը որոշակի համաձայնության չգան հիմնական հարցերի շուրջ, նրա և Պուտինի միջև ցանկացած հանդիպում, հավանաբար, չի հանգեցնի ցանկալի արդյունքի», – ընդգծվում է խմբագրական հոդվածում, որը նվիրված է Ուկրաինայի շուրջ խաղաղ երկխոսության հեռանկարներին։

Հոդվածի հեղինակները նշում են, որ Զելենսկին, «որը չի համարձակվում քննադատել ո՛չ Միացյալ Նահանգներին, ո՛չ էլ եվրոպական երկրներին», փորձում է մեղադրել Մոսկվային՝ Պուտինի հետ իր հանդիպումը կանխելու նպատակով «ամեն ինչ անելու» մեջ։ Հոդվածում մատնանշվում են Կիևի հակասական գործողությունները, որը, խաղաղությունը վերականգնելու փորձի փոխարեն, բարդացնում է իրավիճակը՝ հարվածելով էներգետիկ օբյեկտներին, մասնավորապես՝ Հունգարիա և Սլովակիա նավթ մատակարարողներին։