Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները ժամանել են Ստամբուլ

Ռուսական և ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում են իրենց երկրների պատվիրակությունների Ստամբուլ ժամանման մասին՝ բանակցությունների համար։

Ինչպես հաղորդում է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը տելեգրամյան իր ալիքում, ուկրաինական պատվիրակությունը Ստամբուլում ռուսական կողմի հետ բանակցություններից առաջ Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

«ՌԻԱ Նովոստին» էլ հաղորդում է, որ ռուսական պատվիրակության ինքնաթիռը ժամը 15:40-ին վայրէջք է կատարել Աթաթուրքի անվան օդանավակայանում։ Պատվիրակությանը դիմավորել են Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Անդրեյ Բուրավովը, Մոսկվայում Թուրքիայի նախկին դեսպան Մեհմեթ Սամսարը, ինչպես նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարության և Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության մի քանի աշխատակիցներ։

Տեղեկացված թուրքական աղբյուրը «ՌԻԱ Նովոստի» -ին հայտնել է, որ բանակցային խմբերը կհանդիպեն չորեքշաբթի օրը՝ տեղական ժամանակով ժամը 19:00-ին, Չիրագանի պալատում։

Կողմերը մայիս և հունիս ամիսներին Ստամբուլում անցկացրել են բանակցությունների երկու փուլ։ Դրանց արդյունքում փոխանակվել են գերիներ, և Ուկրաինան ստացել է զոհված ուկրաինացի զինծառայողների մարմինները։ Պատվիրակությունները նաև փոխանակել են խաղաղ կարգավորման իրենց տեսլականի վերաբերյալ հուշագրերի նախագծեր։