Դավիթ Ղազինյանը ձև չունի ՀԷՑ-ում մնալու իր պաշտոնում. Ռոմանոս Պետրոսյան
«Ամենայն հարգանքով խոշոր գործարարներին, սեփականատերերին, որոնց սեփականության իրավունքը մեր երկրում որպես իրավական պետություն, երաշխավորված է նաև Սահմանադրությամբ, բայց նույն սեփականատերերը, մասնավորապես, ծառայությունների ոլորտում բնական մենաշնորհ ունեցող էլեկտրաբաշխիչ ցանցերի գործունեություն ծավալող ընկերությունները լիցենզիա ստանալիս տվել են համաձայնություն, որ իրավիճակներ կարող են լինել, երբ պետությունը, լիազոր մարմինները այդ թվում նաև ՀԾԿՀ–ն, որը սահմանադրական մարմին է, գործադիրի մաս չէ, կարող է միջամտություններ անել և կանխարգելիչ միջոցառումներ անել տվյալ մարմնում։ Դա լիցենզիայի պահանջներից մեկն է եղել»,-Այս մասին, այսօր՝ հուլիսի 21-ին, ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ հիմա ինքը մտնելու է ուրիշի սեփական տարածք, որի սեփականատերը կալանավորված է, արդյո՞ք իր քայլն օրինական է։
«Եվ ահա այդ լիցենզիայի պահանջի կատարում է նաև իրականացվում այս պահին, որևէ արտառոց բան չկա դրանում։ Ես վստահ եմ, որ խոշոր գործարարը ինքն էլ տեղյակ է այս գործընթացներից։ Իմ գործողությունները բխում են բացառապես ոլորտը կարգավորող օրենքներից»,–ասաց նա։
Անդրադառնալով նրան, որ ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանն ավելի վաղ ասել էր, որ «մենք մեր ձևերով կմնանք», Ռոմանոս Պետրոսյանն ասաց. «Մասնավորապես Դավիթ Ղազինյանը ձև չունի մնալու, որովհետև հենց այս վիճակին հասցնողներից մեկը հենց նույն պաշտոնյան է»։
Ռոմանոս Պետրոսյանը նաև ընդգծեց. «Ինքը հիմա ի պաշտոնե իմ ենթական է։ Ժամանակավոր պաշտոնակատարի իր լիազորությունները դադարել են դեռևս ուրբաթ օրը ժամը 18:00, երբ ծանուցումը ստացել են և իր հայտնի մամուլի ասուլիսը ինքը արդեն տվել է որպես գլխավոր տնօրենի տեղակալ, իրացման տնօրեն, բայց հանդես էր գալիս, կարծես թե, ժամանակավոր պաշտոնակատար, բայց ինքը այդ պահին այլևս ժամանակավոր պաշտոնակատար չէր»։
Հիշեցենք, որ ՀԷՑ-ի սեփանակատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո իշխող թիմը մի քանի օրում մշակեց ու հրատապ ընդունեց համապատասխան օրենսդրական փոփոխություններ: Կառավարությունը հաղորդում ներկայացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ՀԷՑ-ի խախտումների վերաբերյալ:
Հուլիսի 18-ին Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի որոշմամբ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։ Որոշման մեջ թվարկված են ՀԷՑ-ի կողմից օրենսդրության խախտումները, որոնք էլ հիմք են ծառայել վարույթ հարուցել և ժամանակավոր կառավարիչ նշանակել։
ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանն ու իր թիմը ՀԷՑ-ի պետականացման գործընթացը ամբողջությամբ ապօրինի են համարում։ Նրանք հայտնել են, որ պայքարելու են, հնարավոր է՝ միջազգային արբիտրաժային հայց ներկայացնեն Հայաստանի կառավարության դեմ:

