Անհուսալի վարկերի մարման ծրագրից օգտվում է ընդամենը 3400 շահառու՝ 131 000-ից

«Մենք ունենք շուրջ 14.757 դիմում, որից հաստատված է 4400-ը»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում հայտնեց https://www.youtube.com/live/UxlsUW8AG_I?si=0CI3S_UA6se76g9B

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Կենսաթոշակային և այլ դրամային վճարների վարչության ընտանիքներին տրվող նպաստների բաժնի պետ Արմեն Մարգարյանը։

Պաշտոնյան ներկայացրեց անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի արդյունքները, որը ուժի մեջ է մտել փետրվարի 1-ից։

Մարգարյանի խոսքով, 2025 թվականի հունիս ամսվա տվյալներով փոխհատուցման է ուղարկվել շուրջ 3400 անձի հայտ։

Հիշեցնենք, որ ծրագիրը ներկայացնելիս կառավարության նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ անհուսալի վարկեր ունեն աշխատանք ունեցող 131 հազար անձ։

Մարգարյանի խոոսքավ, ներկայիս դրությամբ ծրագրի վրա ծախսվել է շուրջ 398 մլն դրամ։

Ընտանիքներին տրվող նպաստների բաժնի պետը հայտնեց, որ այս ամիսների ընթացքում աշխատանքի է ընդունվել շուրջ 1000 շահառու, որպեսզի կարողանան օգտվել ծրագրից, քանի որ պարտադիր պայման է նրա գրանցված աշխատանք ունենալը։

Ծրագրի մեջ ներառվում են 3 տարուց ոչ պակաս ժամկետով անհուսալի վարկեր ունեցողները, որոնց վարկերի չափը չի գերազանցում 1 մլն դրամը։

Արմեն Մարգարյանը հիշեցրեց, որ ծրագրով եկամտահարկի 100 %-ն ուղղվում է վարկավորողին՝ տույժ-տուգանքների մարման համար, որոնք վարկերի մայր գումարները մի քանի անգամ գերազանցում են, բանկերն էլ պարտավորվել են տույժ-տուգանքների 80 %-ը զիջել, իսկ ԴՀԿ-ն պետք է հարկադիր գանձի վարկառուի աշխատավարձի 20%-ը՝ նախկին 50 %-ի փոխարեն։

Տեղեկացվեց նաև, որ շահառուները ծրագրից կարող են օգտվել մինչև 24 ամիս և դիմումները կընդունվեն մինչև 2026 թվականի հունվարի 31-ը։