Հեղուկ գազի ներկրման խնդիր կա․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրել է․

«Ակնհայտ է, որ հայ-վրացական հարաբերությունում ծագել է շատ զգայուն մի հարց, որը թերևս առ այսօր չի ստացել լուծում: Թե ինչպես, ինչից է ծագել այդ հարցը, ինչ հարց է այն, չունեմ տեղեկություն, բայց այն, որ այդ հարցը բավականին զգայուն է, վկայում է այն հանդիպումը, որի վերաբերյալ գրառումս հիշեցնում եմ վերեւի հղումով:

Խոսքը Վրաստանի պետանվտանգության ծառայության ղեկավարի հետ Հայաստանում Վրաստանի դեսպանի հանդիպման մասին է, որ կայացել է մայիսի 16-ին: Ի դեպ, այդ շրջանում առկա էր կոնյակի եւ գինու որոշ խմբաքանակների արտահանման հայտնի խնդիրը, երբ Հայաստանի այդ գործարարները տարօրինակորեն որոշել էին ոչ թե իրենց պետության էկոնոմիկայի նախարարությունից եւ կառավարությունից պահանջեին հարցի լուծում, այլ միտինգ անեին այլ պետության դեսպանատան դիմաց:

Այսօր էլ կա հեղուկ գազի ներկրման խնդիր, ինչպես բարձրաձայնում են ներկրող մի շարք ընկերություններ:

Հարց է առաջանում, ինչ որ մեկը Վրաստանում իր կապերի շնորհիվ «շտկումներ» է մտցնում Հայաստանի հեղուկ գազի շուկայու՞մ:

Եթե կա այդպիսի հանգամանք, ապա հազիվ թե այդ ինչ որ մեկը գործի Հայաստանի, ինչպես նաեւ Վրաստանի կառավարությունների տիրույթից դուրս: Հետեւաբար, այստեղ կարող ենք դիտարկել նաեւ ոչ թե հայ-վրացական միջպետական խնդրի, այլ միջկառավարական համաձայնության տարբերակ՝ երբ Հայաստանի կառավարությունը Վրաստանի կառավարության «աջակցությամբ» կարող է փոխել Հայաստանում հեղուկ գազի շուկայի «ստատուս-քվոն»:

Կարծում եմ, որ պետք չէ բացառել նաեւ հենց այդ տարբերակը:

Բոլոր դեպքերում, ակնառու է, որ գործ ունենք մեղմ ասած ոչ ստանդարտ մի իրավիճակի հետ, որը ցանկացած պարագայում գտնվում է Հայաստանի կառավարության պատասխանատվության տիրույթում, կամ հարցերը լուծելու ապաշնորհության, կամ Վրաստանի կառավարության հետ ինչ որ ստվերային համաձայնության»: