ՔԿ նկարներում պատկերված նռնականման առարկայի ներսում պահվել են Սթրայքբոլ խաղի համար նախատեսված սիսեռի հատիկներ. ՀՅԴ ԳՄ
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակից հայտնում են, որ դաշնակցականների տաների խուզարկության արդյունքում որևէ ապօրինի առարկա չի հայտնաբերվել։
«Առգրաված բոլոր զենքերը օրինական են։ Նկարներում պատկերված առարկաների մեծ մասը, այդ թվում նռնականման առարկան նախատեսված է Սթրայքբոլ խաղի համար։ Նռնականման առարկայի ներսում պահվել են Սթրայքբոլ խաղի համար նախատեսված սիսեռի հատիկներ»,- հայտնում են ՀՅԴ ԳՄ-ից։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն լուսանկարներ էր տարածել և հաղորդագրություն, ըստ որի. «Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ահաբեկչության նախապատրաստության, ինչպես նաև՝ հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, այդ թվում՝ մի շարք հասցեներում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են էլեկտրական անդրապայթիչ (детонатор), որը նախատեսված է հեռավար գործարկելու համար, դրա բաղկացուցիչ մասեր, մարտական նռնակ, մարտական նռնակի պայթուցիչ (запал), վառոդ, ռադիոկապի միջոցներ, քննության համար հետաքրքրություն ներկայացնող այլ իրեր և առարկաներ։ Իրականացվում են անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ: Այս պահին ձերբակալվել է 7 անձ, որոնցից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստություն)։

