Հայտնի է ԱԺ-ում հարձակում գործած ևս մի անձի ով լինելը․ yerkir.am

Yerkir.am-ը գրում է․ «Ազգային ժողովում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ իրենց առերևույթ խուլիգանական պահվածքով աչքի ընկան ոչ միայն ՔՊ-ական պատգամավորները, այլև վերջիններիս օգնականները: Լրատվամիջոցներից մեկը, օրինակ, պարզել էր, որ դահլիճ մտնելու փորձ անող տղամարդը Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ, այժմ՝ Երևանի ավագանու անդամ, միաժամանակ նաև ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի խորհրդական Արման Բարխուդարյանն է՝ ուղնուծուծով ՔՊ-ական, որը բավականին սկանդալային կերպար է, այս ընթացքում բազմիցս աչքի է ընկել փողոցային վարքուբարքով, այդ թվում՝ Երևանի ավագանու նիստերի ժամանակ է կռիվներ սադրել, վեճ հրահրել, իսկ թաղապետի պաշտոնից էլ 2023 թվականին ազատվել է այն բանից հետո, երբ քրեական գործ էր հարուցվել խոշոր չափերի յուրացման հոդվածով։ Դրանից հետո ԱԱԾ-ն մտել էր թաղապետարան և բերման ենթարկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի արդեն նախկին թաղապետ Արման Բարխուդարյանին եւ թաղապետարանի մի քանի աշխատակիցների: Սակայն, տարածված հայտնի խոսքով ասված, Ռուբեն Ռուբինյանն ու յուր առերևույթ խուլիգանի պահվածքով խորհրդականը մենակ չէին, մենակ չէին: Առանձնապես  աչքի ընկավ նաև ԱԺ մյուս փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, ով տեսախցիկների առաջ հրմշտելով ընդդիմադիր պատգամավորի՝ 7 ամսական հղի օգնականին, «հերոսաբար» առաջացավ դեպի պատգամավոր Գառնիկ Դաինելյանը։ Վերջինս իր  անհավասարակշիռ շեֆի՝ ասֆալտին փռելու, պատերին ծեփելու մասին գոռում-գոչյունների օրինակով նաև հրահանգներ էր տալիս՝ «Թևերը ծալած, գետնին շաղ տալով եք հեռացնում»:

Այդ ընթացքում Ռուբինյանի խորհրդականի հետ իրեն առանձնապես ագրեսիվ էր պահում նաև մեկ այլ տղամարդ, ով գոռգոռում էր, փորձում կրկին խուլիգանավարի հարձակվել ընդդիմադիր պատգամավորների վրա: Վերջինիս ով լինելը, սակայն, հայտնի չդարձավ: Yerkir.am-ը պարզել է, որ փողոցայինի պահվածքով այդ անձնավորությունը ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի օգնական Արսեն Մելքոնյանն է, ով նախկինում հանդիսացել է Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով։