Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը վերսկսել է աշխատանքը

Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը, որը հունիսի 13-ին Իսրայելի հարվածներից հետո ժամանակավորապես դադարեցրել էր գործունեությունը, պաշտոնապես վերաբացվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ նշելով, որ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը Իրան մեկնելու իր հանձնարարականների բաժնում հաստատել է, որ Թեհրանում դեսպանատան գործունեությունը վերադարձել է բնականոն հուն:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի դեսպանատունը, Իսրայել-Իրան հակամարտության ֆոնին իր աշխատակիցներին ժամանակավորապես դուրս էր բերել երկրից և հայտարարել, որ դեսպանատան գործունեությունը շարունակվելու է հեռավար ձևաչափով:

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության համաձայն, այդ երկրի դիվանագետները վերադարձել են Թեհրան, և դեսպանատունն ամբողջությամբ վերսկսել է իր գործունեությունը: