Թուրքիան բարձրացնում է Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով նավերի տարանցման արժեքը
Թուրքիայի իշխանությունները հուլիսի 1-ից Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով տարանցման արժեքը բարձրացնում են 15%-ով՝ մինչև 5.83 դոլար մեկ ֆրանկի համար, հայտարարել է երկրի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը։
Տարանցման արժեքը գրեթե 40 տարի՝ մինչև 2022 թվականը, մնացել է անփոփոխ, այդ ժամանակվանից ի վեր այն տարեկան աճել է, իսկ 2024 թվականին տարանցման արժեքը բարձրացել է գրեթե 15%-ով՝ մինչև 5.08 դոլար մեկ ֆրանկի համար։ Գումարը հաշվարկվում է ոսկե ֆրանկի հիման վրա՝ 1936 թվականին Մոնտրյոյի կոնվենցիայի ստորագրումից ի վեր, որը կարգավորում է նեղուցների տարածքում նավագնացությունը։ Հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ին։
Նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի խոսքով՝ թուրքական նավահանգիստներ մուտք չգործող նավերի տարանցիկ վճարը 2022 թվականի համեմատ արդեն ավելի քան յոթ անգամ աճել է։ Նա նշեց, որ ստացված վճարների զգալի մասը ծախսվում է թուրքական նեղուցների՝ աշխարհի ամենանեղերից մեկի, անվտանգության պահպանման, երթևեկության մոնիթորինգի համակարգի ընդլայնման և ենթակառուցվածքների արդիականացման վրա։
Ուրալօղլուն հայտնել է, որ 2024 թվականին թուրքական իշխանությունները ստացել են ավելի քան 227 միլիարդ դոլար՝ թուրքական նեղուցներով ավելի քան 51 հազար նավերի անցնելու շնորհիվ:
Մոնտրյոյի կոնվենցիան ընդունվել է 1936 թվականին: Այն պահպանում է խաղաղ և պատերազմական ժամանակ առևտրային նավերի տեղաշարժի ազատությունը նեղուցներով, բայց սահմանում է տարբեր նավարկության ռեժիմներ: Միևնույն ժամանակ, փաստաթուղթը սահմանափակում է ոչ Սևծովյան պետությունների ռազմանավերի երեք շաբաթով Սև ծովում մնալը: Արտակարգ իրավիճակներում Թուրքիան կարող է արգելել կամ սահմանափակել զինվորական անձնակազմի անցումը Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով: Համաձայնագրի համաձայն՝ Թուրքիան իրավունք ունի գանձել վճարներ փարոսների, տարհանման և բժշկական օգնության համար նեղուցներով անցնող նավերից:

