Սրբազանը հիմա գնալու է մեր փաստաբանի հետ, մենք կգնանք Վեհարան․ Վեհափառ Հայրապետ

«Սրբազանը հիմա գնալու է մեր փաստաբանի հետ, մենք կգնանք Վեհարան, այնտեղ կհամախմբվենք, մեր քննարկումները կունենանք և եզրահանգումը կանենք մեր հետագա գործողությունների համար,-Մայր Աթոռ բակում ասաց Վեհափառ Հայրապետը։ Միանշանակ է, որ մենք ամենայն ջանք ենք դնելու, որ արդարությունը գործի մեր եկեղեցու հոգևորականների և երկրի համար»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան մոտ 30 դիմակավորված անձինք  ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան: Այս մասին տեղեկացրել է փաստաբան Միհրան Պողոսյանը։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը առաջնորդարանում չէ, նա Էջմիածնում է, որտեղ մասնակցում է Քահանայից ժողովին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի դեմ քրեական գործ է հարուցվել։

«2025 թվականի հունիսի 17-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)»,–հայտնել էին գլխավոր դատախազությունից։

Քննչական կոմիտեի քննիչը Միքայել Սրբազանին ձերբակալելու որոշում ունի։