Նա հեռացավ կյանքից, բայց նրա կերպարները կշարունակեն ապրել հավիտյան
Նա հեռացավ կյանքից, բայց նրա կերպարները կշարունակեն ապրել հավիտյան։
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը՝ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի հիմնադիրներից մեկը, արտիստ, ով իր տաղանդով ու բացառիկությամբ դարձավ սերունդների խորհրդանիշ։
Նա ոչ միայն մեր թատրոնի պատն ու հիմքն էր, այլև դրա հոգին։
1959 թվականից մինչև կյանքի վերջին տարիները՝ նա բեմի վրա էր․ կերտեց ավելի քան 150 կերպարներ, որտեղ ամեն մեկը՝ թե՛ դրամատիկ, թե՛ կատակերգական, դառնում էր հիշվող, անկրկնելի, իր «մանուկյանական» կնիքով։
Նա էր այն սերնդի ներկայացուցիչը, ում շնորհիվ մեր թատրոնը բարձրացավ և գոյատևեց՝ արժանապատվորեն։
Կինոն նույնպես սիրեց նրան․ նրա բացառիկ կերպարները «Հին աստվածները», «Նահապետ», «Սգավոր ձյունը» և այլ ֆիլմերում անկրկնելի են։
Գուժ Մանուկյանը մեր ուսուցիչն էր՝ թե՛ բեմում, թե՛ կյանքում։
Նրա անունն ամուր է գրված հայ թատրոնի պատմության էջերում, իսկ հիշատակը՝ մեր սրտերում։
Խոնարհվում ենք նրա պայծառ հիշատակի առջև։
Հրաժեշտ ենք տալիս ոչ միայն արտիստի, այլ ուսուցչի, ընկերոջ, ընտանիքի անդամի։
Դրամատիկական թատրոնի սիրով լեցուն ընտանիքը ցավակցում է Գուժ Մանուկյանի հարազատներին, գործընկերներին և բոլոր այն մարդկանց, ովքեր տեսել են նրա բեմական արվեստն ու զգացել՝ ինչ է նշանակում իրական դերասան լինել։
Երևանի Հ.Ղ. Դրամատիկական թատրոն

