Պարզ չէ, թե վարագույրների հետևում ընթացող պրոցեսն ինչ անակնկալ է պատրաստում մեր ժողովրդի համար․ Տիգրան Աբրահամյան
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր խորհրդարանում հայտարարությունների ժամին անդրադարձավ Իրան-Իսրայել հակամարտությանը՝ ընդգծելով, որ այն նոր պայթյուն է խոստանում ոչ միայն վերոհիշյալ երկու երկրներին, այլև նրանց, որոնք անպատրաստ են ճգնաժամի, որոնք չեն գնահատել եղած սպառնալիքների ազդեցությունը և անկարող են ռիսկերի կառավարում իրականացնել։
«Եթե ՀՀ կառավարությանը թվում է, որ իրավիճակին անհաղորդ և անտարբեր մնալով կամ թեման շրջանցելով՝ կխուսափեն իրադրային հետևանքներից՝ սխալվում են։
Տարածաշրջանում խորացող ճգնաժամի պայմաններում Հարավային Կովկասում խախտվում է այդպես էլ չկայունացած ռազմաքաղաքական բալանսը, որում որպես կայունացնող և զսպող դերակատար ներգրավված Իրանն ամբողջ ճակատով ներգրավվել է Իսրայելի հետ պատերազմի մեջ։
Սա մեր տարածաշրջանում ավելացնում է Թուրքիայի և Ադրբեջանի կշիռը, ինչ-որ առումով ազատ արձակում նրանց ձեռքերը՝ հիմքում ունենալով այն հանգամանքը, որ աշխարհը կենտրոնացած է Մերձավոր Արևելքի ուղղութամբ, և նրանց համար կարող է պատուհան բացվել իրենց ռազմավարական ծրագրերի իրագործման համար։
Ադրբեջանի և Թուրքիայի վարքագիծը տարբեր գործոններով է պայմանավորված, և այս տեսանկյունից մեծ թվով հարցեր անորոշ են, որովհետև պարզ չէ, Հայաստան –Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան բանակցությունները ինչ սկզբունքով են ընթացել, և վարագույրների հետևում ընթացող պրոցեսն ինչ անակնկալ է պատրաստում մեր ժողովրդի համար։ Միայն այն հանգամանքը, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցված փաստաթուղթը չի հրապարակվում, բնականաբար դա լրացուցիչ ազդակներ է փոխանցում հանրությանն առ այն, որ իրենից գաղտնի ոչ միայն բանակցություն է տարվել, այլև շահերին հակասող պայմանավորվածություն է ձեռք բերվել», հայտարարել է ընդդիմադիր պատգամավորը։

