Իսրայելի հարձակումների հետևանքով Իրանում վիրավորների թիվը հասել է 1800-ի

Իրանի տարածքում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով վիրավորների թիվը հասել է 1800-ի։ Ինչպես տեղեկանում ենք Tasnim գործակալությունից, այս մասին հայտարարել է Իրանի առողջապահության նախարար Մոհամմադ Ռեզա Զաֆարքանդին։«

Իրանի տարածքում սիոնիստական ​​ռեժիմի կողմից վերջերս իրականացված հարձակումների հետևանքով վիրավորների թիվը հասել է 1800-ի, ինչը հաստատում է, որ տուժածների ճնշող մեծամասնությունը քաղաքացիական անձինք են, որոնք կապ չունեն որևէ ռազմական գործունեության հետ», – նշել է նախարարը։

Մամուլի ասուլիսում Զաֆարքանդին հայտնել է, որ հունիսի 15-ին Թեհրանի Ղոդս հրապարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 12 քաղաքացիական անձ, այդ թվում՝ հղի կին, բացի այդ, վիրավորվել է 59 մարդ։ Նա նաև ավելացրել է, որ պայթյունը նաև մեծ վնաս է պատճառել տարածքի ջրագծերին։

«Ղոդս հրապարակում տեղի ունեցածը հաստատում է սիոնիստական ​​ռեժիմի կեղծ պնդումները, որ այն չի թիրախավորում քաղաքացիական անձանց։ Ընդհակառակը, ճշմարիտ է այն, որ այս պատերազմն ուղղակիորեն թիրախավորում է Իրանի ժողովրդին», – ասել է նախարարը։

Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսել, թիրախները եղել են Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։ Հարձակման է ենթարկվել Նաթանզի միջուկային օբյեկտը։ Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, իսրայելցի զինվորականների և հետախուզության տվյալներով, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։

Հարվածների հետևանքով զոհվել է 9 միջուկային ֆիզիկոս, այդ թվում` Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին։ Սպանվել են նաև 6 բարձրաստիճան գեներալներ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար Ալի Հաջիզադեն, Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, ԻՀՊԿ կենտրոնական շտաբի հրամանատար Գոլամ Ալի Ռաշիդը և ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին, Իրանի ԶՈՒ Գլխավոր շտաբի ստորաբաժանումների պետերի երկու տեղակալներ՝ գեներալներ Գոլամռեզա Մեհրաբին և Մեհդի Ռաբանին:

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հանցագործություն է որակել։ Նա հայտարարել է, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։ Թեհրանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է խնդրել՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետ։