Քասախցիների բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել 11 քաղաքացի, նրանցից մեկն անչափահաս է
Քասախցիները նորից դուրս են եկել բողոքի։ Նրանք պահանջում են, որ թիվ 59 ավտոբուսը բարձրանա վերև մինչև գյուղ։
Քասախցիների բողոքի ակցիայի ժամանակ 11 անձ է բերման ենթարկվել։ Այս մասին հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 11 անձ բերման է ենթարկվել»,– ասացին ոստիկանությունից։
Կադրերից երևում է, որ նրանցից մեկն անչափահաս է։
Հիշեցնենք, որ բողոքի ակցիաները սկիզբ են առել ապրելի 5-ից։ Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները մինչև վերջերս օգտվում էին թիվ 25 և 59 երթուղին սպասարկող ավտոբուսներից՝ Երևան հասնելու համար վճարելով 150 դրամ։ Հիմա Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ ավտոբուսները չեն հասնելու այդ համայնքներ։
Նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը, ուղեվարձը լինելու է 250 և 200 դրամ։ Բացի սրանից, ինչպես ավելի վաղ ներկայացրել էին բնակիչները, նոր երթուղին սպասարկելու է ընդամենը 7 կմ՝ իրենց համայնքներից հասնելով մինչև Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հայտնի Ֆիզիկայի ինստիտուտ, վերջին ավտոբուսը նախատեսված է ժամը 19։30-ին։ Նախկին երթուղու վերջին կանգառը եղել է Հաղթանակի զբոսայգու մոտ։

