«Հայաստան» խմբակցությունը կապահովի պակասող 28 պատգամավորի ստորագրությունները՝ իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու համար

«Հայաստան» խմբակցությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ ապահովել պակասող 28 պատգամավորի ստորագրությունները իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու համար․ներքաղաքական գործընթացների մասին կարճ զրույցում Yerkir.am-ին հայտնեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

– Պարո՛ն Օհանյան, «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել է իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու մասին։ Ո՞րն է «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը։

– Այո՛, մենք արձանագրում ենք, որ ՀՀԿ Գործադիր մարմնի կոչով «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել է Դավիթ Համբարձումյանի թեկնածությամբ իմպիչմենտի  գործընթաց նախաձեռնելու մասին՝ ստանձնելով գործընթացի քաղաքական պատասխանատվությունը:  «Հայաստան» խմբակցությունը, հավատարիմ մնալով ավելի վաղ արված հայտարարությանը, վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ ապահովել  պակասող   28 պատգամավորի ստորագրությունները ողջամիտ ժամկետներում՝ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու համար։ Այս հարցերի շուրջ «Պատիվ ունեմ» խմբակցության մեր գործընկերների հետ պատրաստ ենք հավելյալ քննարկման: