Ադրբեջանցիները լուսանկարիչներ են վարձել՝ Հայաստանի գյուղերը լուսանկարելու նպատակով

«Բաքվում հրատարակվել է ֆոտոալբոմ, որը ներկայացնում է Հայաստանի՝ նախկինում ադրբեջանաբնակ գյուղերը, որ Ալիևի վարչակազմը մտադիր է վերադարձնել ադրբեջանցիներին»,-այդ մասին հայտնել է «Շանթ» հեռուստաընկերության հեռուստաեթերում հայտնել է քաղաքական վերլուծաբան Արտյոմ Երկանյանը։

Նա նշել է, որ այդ գիրքը նախատեսված է օտարերկրյա դիվանագետների և փորձագետների համար։

«Այդ գիրքը խոսուն անուն ունի՝ «Քարեր ժողովելու ժամանակն է». այն անգլերենով է հրատարակվել, և ինչպես հրատարակիչներն են պարզաբանել, ծառայելու է օտարերկրյա փորձագետներին և նախատեսված է դիվանագետների համար:

Գրքի գլխավոր հրատարակիչ Մուսա Մերջանլին պարզաբանել է, որ կես տարվա ընթացքում մի քանի խումբ լուսանկարիչներ են գործուղվել Հայաստան՝ հայերին վարկաբեկող այդ ֆոտոնյութերը հավաքելու համար:

Եվ քանի որ գիտակցում էին, որ ադրբեջանցի լուսանկարիչներին ավելի դժվար կլիներ, վարձել են օտարերկրյա լուսանկարիչների, ովքեր բնական է՝ գիտակցել են, թե ինչ նպատակով են օգտագործվելու իրենց արած լուսանկարները. այսինքն՝ քրեական հանցագործություն է տեղի ունեցել, քանի որ այդ նյութերը օգտագործվում են ազգային թշնամանք հրահրելու նպատակով:

Գրքի հրատարակիչն ասում է, որ խնդիրների բախվել են այդ լուսանկարիչները, բայց խոչընդոտողները եղել են ոչ թե ՀՀ հատուկ ծառայության աշխատակիցները, այլ՝ այդ գյուղերի շարքային բնակիչները, որոնք նկատում էին, որ տարօրինակ և վտանգավոր բան է տեղի ունենում, և խանգարում էին նրանց լուսանկարել»,- ասել է Արտյոմ Երկանյանը: