Երեխաների մաշկի արևային այրվածքները շատ են բարձրացնում մելանոմայի առաջացման ռիսկը․ խորհուրդներ մասնագետից

Երեխաների արևապաշտպանության ուղեցույց

Մանկական մաշկը զգայուն է և պակաս զարգացած՝ մեծահասակների մաշկի համեմատ։ Արևի ուլտրամանուշակագույն (ՈւՄ) ճառագայթների ազդեցությունը երեխաների մոտ կարող է առաջացնել ոչ միայն ակնթարթային վնասներ (այրվածքներ, այտուց, կարմրություն), այլև երկարաժամկետ ռիսկեր, ներառյալ` մաշկի վաղ ծերացումը և մաշկի ուռուցքային հիվանդությունների հավանականության բարձրացումը։

ՀՀ ԱՆ խորհրդատու մաշկաբանության գծով Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացնում է, թե  ինչ անել արևից երեխային պաշտպանելու համար.

1․ Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից (10:00–16:00)

Այս ժամերին ՈւՄ ճառագայթման ինտենսիվությունն առավելագույն է։ Երեխաներին հնարավորինս պահել ստվերում կամ փակ տարածքում։

Անհրաժեշտության դեպքում ընտրել ստվերով ապահով վայրեր զբոսնելիս կամ խաղալիս։

2․ Հագուստ և գլխաշոր

Ցանկալի է, որ երեխան կրի բարակ, բաց գույնի, երկարաթև շապիկ և երկար տաբատ՝ բնական կտորից (բամբակ, վուշ)։

Գլխին՝ լայնեզր գլխարկ, որը պաշտպանում է ինչպես դեմքը, այնպես էլ` ականջներն ու վիզը։

3․ Արևապաշտպան քսուք

Օգտագործել SPF 30 և ավելի, լայն սպեկտրով (UVA և UVB պաշտպանություն), ջրակայուն արևապաշտպան քսուք։

Քսել 15-30 րոպե առաջ նախքան դուրս գալը։

Կրկնել յուրաքանչյուր 2 ժամը մեկ, ինչպես նաև` լողալուց կամ քրտնելուց հետո։

Մինչև 6 ամսական երեխաներին արևապաշտպան քսուք խորհուրդ չի տրվում։ Նրանց մաշկը պետք է ամբողջությամբ պաշտպանված լինի հագուստով և ստվերով։

4․ Արևից պաշտպանված տրանսպորտ

Ավտոմեքենայի պատուհաններից ներթափանցող ՈւՄ ճառագայթները նույնպես վնասակար են։ Կարելի է օգտագործել ՈւՄ ֆիլտրով պաշտպանիչ թաղանթ կամ ստվերացնող վարագույրներ։

5․ Արևային ակնոց

Հատկապես լեռնային շրջաններում և ջրային միջավայրերում խորհուրդ է տրվում արևապաշտպան ակնոց՝ UV 400 պաշտպանությամբ։

Հիշեցում

Արևային այրվածքը երեխաների մաշկի համար ոչ միայն ցավոտ է, այլև կարող է ազդել նրանց ամբողջ կյանքի վրա։ Մի քանի անգամ ստացած լուրջ այրվածքը մանկության տարիներին շատ է բարձրացնում մելանոմայի առաջացման ռիսկը։