Առաջարկվում է խստացնել զինծառայությունից և հավաքներից խուսափելու պատժաչափը
Ներկայումս, ցավոք, նկատվում է՝ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու դեպքերի աճ: Այս մասին պետաիրավական հանձնաժողովի նիստին ասաց Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը՝ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի» հարցի քննարկման ժամանակ:
Նրա խոսքով՝ 2023 թվականի ընթացքում քրեական օրենսգրքի 461-րդ (պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից խուսափել) և 462-րդ (վարժական հավաքից խուսափել) հոդվածներով նախաձեռնվել է ընդհանուր 1,499 քրեական վարույթ, իսկ արդեն 2024 թվականի ընթացքում՝ ընդհանուր 1,779 քրեական վարույթ։
«Ընթացիկ տարվա հետ կապված վիճակագրություն դեռևս չունենք, ցավոք սրտի։ Սա վկայում է քրեական քաղաքականության վերանայման և հիշյալ արարքները կատարած անձանց նկատմամբ պատժողական ավելի խիստ քաղաքականություն վարելու անհրաժեշտության մասին։ Նախագծով առաջարկվում է խստացնել քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի առաջին մասով և 462-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարքների կատարման համար նախատեսված քրեական պատասխանատվությունը։ Մասնավորապես, նախագծով առաջարկվում է զինվորական ծառայությունից խուսափելու հոդվածում 461-րդ հոդվածում պատժաչափը երկուսից հինգ տարի ժամկետով ազատազրկումը փոխարինել երեքից վեց տարի ժամկետով ազատազրկմամբ»,- ասաց փոխնախարարը:
Նա տեղեկացրեց, որ վարժական հավաքներից խուսափելու հոդվածում առաջարկվում է սանկցիայի տուգանք պատժատեսակի չափը ամսական եկամուտի նկատմամբ հաշվարկվող առավելագույնը 20-ապատիկի չափով բառերը փոխարինել 15-ապատիկից 30-ապատիկի չափով, իսկ ազատազրկման համար նախատեսված առավելագույնը երկու տարի ժամկետով փոխարինել մեկից երեք տարի ժամկետով բառերով։