Վարչապետի տիկնոջ ֆեյսբուքյան գրառումների նոր «ոճը»․ խուճա՞պ, թե սառը հաշվարկ

Վարչապետի տիկնոջ ֆեյսբուքյան գրառումների նոր «ոճը» իհարկե տարակուսանք է պատճառել շատերին: Այստեղ հաճախ կիրառվում է դարձյալ այն «ստանդարտը», թե ագրեսիվությունը խուճապի հետևանք է, մատնում է «խուճապը»:
Ինչպես օրերս խոսել եմ այս մասին, անկասկած է, որ Նիկոլ Փաշինյանը բավականին լարված է, բավականին բարդ խնդիրների առաջ, թե ներքին, թե արտաքին: Բայց, ես գուցե «նորաձև» չեմ, այդուհանդերձ կարծում եմ, որ նրա գործողությունները, հետևաբար նաև վարչապետի տիկնոջ գործողությունները «խուճապային» չեն:
Հակառակը, նրանք շատ սառնասրտորեն ու պրագմատիկ աշխատում են ընտրական պրոցեսին ընդառաջ: Ամեն ոք կարող է տարբեր կերպ գնահատել այդ աշխատանքը, ունենալ դրա հանդեպ տարբեր վերաբերմունք, բայց այդ աշխատանքը ակնառու է, բավականին՝ ընդհուպ մանրակրկիտ մտածված, մշակված, ծրագրված և կազմակերպված:
Սա բոլորովին այն մասին չէ, որ այդ աշխատանքը անվրեպ է, բացարձակ երաշխավորվածծ է դրա հաջողությունը կամ արդյունավետությունը: Սրանք արդեն այլ հարցեր են, այլ շերտեր, ենթաշերտեր, այլ ներքին ու արտաքին գործոններ ենթադրող: Սա այլ թեմա է, հարցի այլ կողմ:
Բայց, աշխատանքը, ինչպես նշեցի՝ կա: Եվ այդ աշխատանքը ակնհայտորեն ներառում է նաև էմոցիոնալ խաղադրույքի բարձրացման բաղադրիչ և պլան: Ըստ իս,, վարչապետի տիկնոջ ֆեյսբուքյան գրառումների, իր վերաբերյալ հրապարակումներին անդրադարձի նոր «ոճը» այդ մարտավարության մաս է:
Արդարացվա՞ծ է, թե՞ ոչ, ավելի շատ օգտակա՞ր էֆեկտն է, թե՞ վնասակար: Սա իհարկե կարիք ունի թերևս մասնագիտական սոցիոլոգիական ուսումնասիրության, հասկանալու համար կոնկրետ էֆեկտը:
Ըստ իս, այստեղ սակայն հարաբերակցության հարց չէ: Իմ տպավորությամբ, և այս միտքն էլ պարբերաբար արտահայտել եմ, աշխատանքը կատարվում է ոչ թե նոր ընտրազանգված ներգրավելու շեշտադրմամբ՝ դա կարծում եմ հարակից էֆեկտի հաշվարկի շրջանակում է, որքան գոյություն ունեցող ընտրազագվածի առավել էմոցիոնալ-մոտիվացիոն մոբիլիզացիա ստանալուն:
Իսկ այդ տեսանկյունից, կիրառվող «ոճը» որքան էլ անհարիր է բարձրաստիճան պաշտոնյայի, դե ֆակտո առաջին տիկնոջը, այդուհանդերձ վերը նշածս ընտրական խնդիրը լուծելու հարցում արդյունավետություն ունենալ կարող է: Իսկ իշխանության համար գերկարևորը այդ խնդիրն է, ոչ թե հարիր-անհարիրը:

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի գրառումը