Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր

Մայիսի 13-ին ԱԽՔ Արմեն Գրիգորյանը Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի հետ:

«Քննարկել ենք Հայաստան-Հնդկաստան երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես ընդգծել ենք տնտեսական համագործակցության խորացման ընթացքը և անվտանգության ոլորտի ընթացիկ համագործակցությունը:

Հանդիպմանն անդրադարձ ենք կատարել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակին, ինչի շրջանակներում Աջիթ Դովալն իմ խնդրանքով ներկայացրել է տեղեկատվություն կապված վերջին օրերին Հնդկաստան-Պակիստան սահմանին տեղի ունեցած իրադարձությունների հնարավոր զարգացումների վերաբերյալ, իսկ ես՝ հնդկական կողմի խնդրանքով, ներկայացրել եմ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- գրել է Գրիգորյանը: