Անձը դրսևորել է ոչ պատշաճ վարք, ոստիկանները կիրառել են ֆիզիկական ուժ. Ոստիկանության պարզաբանումը

«Մայիսի 1-ին սոցցանցում ոստիկանների մասնակցությամբ տարածված տեսանյութի կապակցությամբ հայտնում եմ, որ Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու մասին քննիչի որոշման հիմքով այցելել են Արմավիր քաղաքի բնակչի տուն, ներկայացրել քննիչի որոշումը, ինչից հետո տվյալ անձը դրսևորել է ոչ պատշաճ վարք’ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին»,- իր էջում գրել է ՆԳՆ ոստիկանության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Նա նաև նշել է. «Այնուհետև ոստիկանության ծառայողները կիրառել են ֆիզիկական ուժ և նրան հարկադրաբար ներկայացրել վարույթն իրականացնող մարմին։

Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը ուսումնասիրվում է ՆԳ նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից»:

Ավելի վաղ  հայտնել էինք https://livenews.am/2025/348656/01/13/38/ , որ փաստաբան Արա Ղարագյոզյանն իր էջում տարածել է տեսանյութ և նշել, որ Հոկտեմբերյանի ոստիկանության կողմից իր պաշտպանյալի նկատմամբ բռնություն է կիրառվել. «Տուժողի խոսքով՝ ոստիկաններն իրեն նախ բռնության են ենթարկել իրենց տանը, ապա տարել ոստիկանություն, որտեղ շարունակել են ծեծել և բերանը փակել սկոչով»: