Ռուբիոն չեղարկել է ուղևորությունը Լոնդոն՝ Զելենսկու մեկնաբանություններից հետո. NYT

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չեղարկել է այցը Լոնդոն։ Հիշեցնենք, որ այսօր Լոնդոնում պետք է տեղի ունենան ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները։

Ռուբիոն իր այցը չեղարկել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Ղրիմը ռուսական ճանաչելուց հրաժարվելու մասին խոսքերից հետո։ Այս մասին հայտնում է «Նյու Յորք թայմս»-ը։

Այսօրվա հանդիպմանը ԱՄՆ-ը կներկայացնի Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։

Ուշագրավ է, որ պետքարտուղարության խոսնակ Թեմմի Բրյուսը Ռուբիոյի որոշումը բացատրել է նրա զբաղվածությամբ։

«Դա վերաբերում է իր ժամանակացույցի տեխնիկական հարցերին»,- վստահեցրել է մամուլի քարտուղարը։

The Wall Street Journal-ը հայտնել է, որ Փարիզում եվրոպացի և ամերիկացի պաշտոնյաների հետ բանակցությունների ժամանակ Ուկրաինային ներկայացվել է խաղաղ կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից պատրաստված առաջարկ։

Այն ներառում է Ռուսաստանի համար հիմնարար կարևորություն ունեցող 2 պահանջ՝ Ղրիմի ճանաչում Ռուսաստանի Դաշնության մաս և հրաժարում ՆԱՏՕ-ին միանալուց: Զելենսկին ասել է, որ հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո ինքը բաց է Ռուսաստանի հետ բանակցությունների համար, սակայն միևնույն ժամանակ պնդել է, որ Ուկրաինան օրինականորեն չի ճանաչում Ղրիմի օկուպացիան։