«Հայկական ավիաուղիների» օդանավերը հանձնվել են գործընկերոջը՝ թուրքական Southwind Airlines-ին․ «Հետք»

«Հետք»-ը գրում է

««Հայկական ավիաուղիների» Airbus A321 տիպի երկու օդանավերը, որոնք մինչև վերջերս Հայաստանում գրանցված էին իբրև EK-AAB և EK-AAD, տեղափոխվել են Թուրքիա ու գրանցվել այդ երկրի Southwind Airlines ավիաընկերության շարժակազմում:

Նախորդ հոդվածում գրել էինք, որ այն բանից հետո, երբ հայկական փոխադրողը հայտարարեց, որ ինքնաթիռային պարկի թարմացմամբ և նոր օդանավերի ձեռքբերմամբ պայմանավորված՝ ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները, EK-AAB գրանցումով Airbus A321-ը մարտի 25-ին Երևանից թռել է Ստամբուլ:

EK-AAB-ն 2023 թ. ապրիլին էր տեղափոխվել Հայաստան ու գրանցվել ՀՀ օդանավերի ռեգիստրում: Ընդ որում՝ այս օդանավը հունվարի 6-ից կոմերցիոն թռիչքներ չէր կատարում և կանգնած էր «Զվարթնոցում»: Այսպիսով՝ EK-AAB-ն «Հայկական ավիաուղիների» շարժակազմում մնաց շուրջ 2 տարի:

Հիշեցնենք, որ մինչև Հայաստան տեղափոխվելը ինքնաթիռը շահագործվում էր ռուսական Northwind Airlines ավիաընկերության կողմից, սակայն գրանցված էր Բերմուդյան կղզիներում: Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո, երբ ռուսական ավիացիան հայտնվեց արևմտյան պատժամիջոցների տակ, այս օդանավը դուրս բերվեց Northwind Airlines-ի ավիապարկից ու 2022-ի գարնանը տեղափոխվեց Ստամբուլ, իսկ շուրջ մեկ տարի անց հայտնվեց «Հայկական ավիաուղիների» տրամադրության տակ: Թուրքական Southwind Airlines-ի շարժակազմում, ըստ planespotter.net-ի, այս Airbus A321-ը ստացել է TC-GRG գրանցումը:

«Հայկական ավիաուղիների» մյուս Airbus A321-ը մեր երկիր էր տեղափոխվել ավելի վաղ՝ 2022-ի դեկտեմբերին, ու նույն ամսում գրանցվել ՀՀ օդանավերի ռեգիստրում իբրև EK-AAD: Ինքնաթիռն այս տարվա ապրիլի 9-ին Երևանից թռել է Անթալիայի օդանավակայան, որտեղ բազավորվում է Southwind Airlines-ը»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում