Իմ մոտիվացիան հավատն է առ Աստված․ Մալխաս Ամոյան
Իմ անցկացրած 4 գոտեմարտերից կիսաեզրափակիչն ու եզրափակիչը կառանձնացնեի ինձ համար, քանի որ դրանք ինձ բարդ տրվեցին: Այս մասին հրավիրված ասուլիսում ասաց Եվրոպայի քառակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը։
«Զգացողություններս անբացատրելի են, շատ ուրախ եմ, որ կարողացա հռչակվել Եվրոպայի քառակի չեմպիոն։ Ինձ համար մրցաշարը գնալով ավելի է բարդանում, քանի որ դա պահելը, հաղթանակի հասնելն ավելի է դժվարանում։ Ի տարբերություն առաջին հաղթանակի, որը հեշտ ստացվեց, այժմ ամեն ինչ ավելի բարդ է»,- նշեց նա։
Մեր չեմպիոնը կարևորեց նաև հարգանքը դիմացինի նկատմամբ։
«Մրցագորգում մրցում ենք, իսկ դրանից դուրս ընկերական հարաբերություններ ունենք: Իմ մոտիվացիան հավատն է առ Աստված, հավատն է իմ նկատմամբ, կատարածս աշխատանքի նկատմամբ: Այժմ ամեն մրցաշարի մասնակցում եմ միայն ոսկե մեդալի համար»,- հավելեց Մալխաս Ամոյանը։

