Մեծ Բրիտանիայի էկոլոգիայի և հիդրոլոգիայի կենտրոնը նշել է ամպրոպների ուժգնացման պատճառները

Եվրոպացի և ամերիկացի կլիմայագետները Աֆրիկայում, Ասիայում և Հարավային Ամերիկայում հզոր ամպրոպների և տեղատարափ անձրևների դիտարկումների ընթացքում պարզել են, որ տեղումների այս ծայրահեղ ձևերը զգալիորեն ուժեղանում են, եթե այդ տարածաշրջաններում բնահողի խոնավության մակարդակի կտրուկ հակադրություն կա:  ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայի Էկոլոգիայի և հիդրոլոգիայի կենտրոնի (UKCEH) մամուլի ծառայությունը։

«Գլոբալ տաքացման պատճառով ջերմաստիճանի բարձրացումը կարող է ավելի խորացնել հակադրությունը չոր և խոնավ բնահողով տարածաշրջանների միջև, ինչը լրացուցիչ կսաստկացնի ամպրոպներն աշխարհի այն տարածաշրջաններում, որոնք արդեն իսկ ենթարկվում են այդ տեղումների հզոր հարվածներին։ Այդ պատճառով այն հարցի ըմբռնումը, թե ինչպես է խոնավությունը ազդում ամպրոպների վրա, առանձնապես կարևորվում է հզոր ամպրոպները կանխատեսելու և դրանց մասին հանրությանը նախազգուշացնելու գործում»,- հայտարարել է UKCEH-ի գիտաշխատող, Էմմա Բարթոնը, որի խոսքն է մեջբերում կենտրոնի մամուլի ծառայությունը։

Բարթոնը և հետազոտողները նման եզրակացության են հանգել՝ ուսումնասիրելով հզոր ամպրոպների և փոթորիկների ձևավորման հանգամանքները, որոնք անցյալ տարի պատուհասել են արևմտյան և կենտրոնական Աֆրիկայի բազմաթիվ տարածաշրջանների և Հնդկաստանի Բենգալիային, ինչպես նաև այս տարվա մարտին Արգենտինային, գրում է ՏԱՍՍ-ը։ Անսովոր առատ տեղումները առաջացրել են ջրհեղեղներ և այլ բնական աղետներ, որոնք խլել են ավելի քան 1000 մարդու կյանք և լրջորեն վնասել ենթակառուցվածքները:

Այս բոլոր անսովոր հզոր ամպրոպները, ենթադրաբար, առաջացել են, այսպես կոչված,  մեզոմասշտաբային կոնվեկտիվ համալիրների՝ մինչև 100 կմ տրամագծով արևադարձային ցիկլոնների մանրանկարչական անալոգների կողմից: Դրանք տաք եղանակին ձևավորվում են մայրցամաքների վրա մի քանի ամպրոպային համալիրների միաձուլման և օդի ջերմաստիճանի զգալի տարբերությամբ տարածքների առաջացման արդյունքում:

Ամերիկացի և եվրոպացի կլիմայագետներն ուշադրություն են դարձրել այն բանի վրա, որ Երկրի մակերևույթից արտազատվող ջերմության քանակը էապես կախված է նրանից, թե որքան խոնավություն է պարունակում բնահողը և որքան արագ է այդ ջուրը գոլորշիանում։ Ղեկավարվելով այս գաղափարով՝ գիտնականները վերլուծել են արբանյակային տվյալները և դաշտային չափումների արդյունքները, որոնք կատարվել են վերջին 20 տարվա ընթացքում աշխարհի այն շրջաններում, որտեղ տեղի են ունեցել հզոր ամպրոպներ և հորդառատ անձրևներ:

Կլիմայագետների հաշվարկները ցույց են տվել, որ այս տեղումներն ուժեղացել են մոտավորապես 10-30%-ով այն դեպքերում, երբ այս ամպրոպները սկսվելուց մի քանի օր առաջ գիտնականները հայտնաբերել են բնահողի խոնավության մակարդակի զգալի տարբերություններ մայրցամաքների այն շրջաններում, որտեղ տեղի են ունեցել այս արտակարգ եղանակային երևույթները: Սա ցույց է տալիս  բնահողի խոնավության մակարդակի անսովոր մեծ ազդեցությունը ամպրոպների վրա, ինչը պետք է հաշվի առնել կարճաժամկետ և երկարաժամկետ եղանակի կանխատեսումներ կատարելիս, եզրակացրել են Բարթոնը և նրա գործընկերները: