«Փոխանակ այդ ջրերն օգտագործեն մեր կարիքների համար, պարզվում է` Ադրբեջանի հետ քննարկումներ են անում». Գառնիկ Դանիելյան. «Հրապարակ»

Ալիևը Հայաստանի հետ փոխհարաբերությունների լավացման որոշ «փոքր քայլեր» է արձանագրել: Բաքվում կայացած «Նոր աշխարհակարգի ճանապարհին» միջազգային համաժողովի ժամանակ նա հայտարարել է, թե հայկական կողմի դիրքորոշմանն են սպասում, ու եթե ամեն ինչ ստացվի, ապա կարող են փոքր քայլեր սկսվել։ Որպես օրինակ, նշել է` լրագրողների փոխայցելություններ, ինչպես նաև՝ «անդրսահմանային գետերի թեմայով երկու երկրների համատեղ նստաշրջաններ»: Հաշվի առնելով այս իշխանության պարտվողական կեցվածքը՝ տագնապով կարելի է մտածել, թե ալիևյան «փոքր քայլերն» ինչ գին կարժենան Հայաստանի ու հայ ժողովրդի ազգային, պետական շահի և անվտանգության համար: Անդրսահմանային գետերի ջրային ռեսուրսների թեման, որից խոսել է Ադրբեջանի նախագահը, նոր չէ: Որ այդ հարցով հայ և ադրբեջանցի մասնագետների միջև շփումներ են նախատեսվում, հայ հասարակությունն իմացավ դեռ 2024թ. նոյեմբերի 12-ին՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանից: Նախօրեին արդեն Ալիևը խոսել է «համատեղ նստաշրջանների» մասին: Անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում Գառնիկ Դանիելյանը հիշեց՝ դեռ մի քանի ամիս առաջ, իբրև թե պատահաբար, Իջևանում հեծանիվ վարող Փաշինյանն ավտոլվացման կետեր էր նկատել ու դրանք փակելու հրահանգ տվել՝ Աղստևը մաքուր պահելու պատճառաբանությամբ: «Երբ դա եղավ, մարդիկ անմիջապես սկսեցին խոսել, որ սա էլ է Ադրբեջանի հերթական պահանջը: Գետի մոտ գտնվող ավտոլվացման կետերի աշխատանքը համատարած կասեցվեց»,-հիշում է Դանիելյանը և ասում՝ որ Ադրբեջանի Ղազախի շրջանի համար Աղստևից հոսող ջուրը ռազմավարական, կենսական նշանակություն ունի, շրջանն ամբողջությամբ ոռոգվում է Տավուշի մարզից հոսող ջրերով՝ ոչ միայն Աղստևով, այլև նրան միացող մի քանի փոքր գետերով:
«Իրենց համար գյուղատնտեսական խնդիրներ կառաջանան, եթե այդ ջրերը չհոսեն այնտեղ: Ես մի քանի անգամ բարձրաձայնել եմ ջրի արդյունավետ կառավարման խնդրի մասին, որ հայկական կողմն այդ ջուրը արդյունավետ կերպով օգտագործի՝ մեր դաշտերը ոռոգելու համար: Ես թվեր էի հանել, թե Տավուշի մարզում որքան ոչ ոռոգելի հողատարածքներ կան: Հիմա, փոխանակ այդ ջրերն օգտագործեն մեր կարիքների համար, պարզվում է` Ադրբեջանի հետ քննարկումներ են անում»,- ասում է Գառնիկ Դանիելյանը՝ շեշտելով, որ այդ ջրային ռեսուրսն օդ ու ջրի պես է պետք Ադրբեջանին: «Պարբերաբար այդ հողի վրա Ադրբեջանի գյուղացիները ճանապարհներ են փակում, ընդվզումներ են լինում, բողոքներ են հասունանում: Դա Ադրբեջանի համար շատ զգայուն խնդիր է և գլխացավանք՝ իշխանությունների համար, ու, փաստորեն, այդ միջոցով իրենք փորձում են հարցը լուծել, որ ոռոգման պրոբլեմ չունենան: Փաստորեն, մենք ապահովում ենք մեր ջրային ռեսուրսների անխոչընդոտ և անխափան հոսքը դեպի Ադրբեջան»,- ասում է Գառնիկ Դանիելյանը և հիշեցնում Փաշինյանի հայտարարությունը, թե, այսպես կոչված, սահմանազատման ու սահմանագծման գործընթացի ավարտից հետո Ջողազի ջրամբարից այն կողմ գտնվող 900 հեկտարը վերադարձվելու է Հայաստանին: «Փաստացի, Ադրբեջանն այդ հողերը չի տալիս: Բայրամովի գրասենյակն էլ հայտարարել էր այն 32 բնակավայրերի մասին` նշելով, թե մենք տալու բան չունենք»,- եզրափակում է նա:

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: