Եթե Հայաստանը չընդունի Արցախի բնակչի դին, նրա ճակատագիրը կորոշեն Ադրբեջանի պետական համապատասխան մարմինները
«Եթե Հայաստանը չընդունի Վերա Աղասյանի դին, նրա ճակատագիրը կորոշեն Ադրբեջանի պետական համապատասխան մարմինները»,- ադրբեջանական լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննության և ախտաբանական անատոմիայի միության գլխավոր տնօրեն Ադալաթ Հասանովը։
«Մահացած հայուհու մարմինը պահվում է ապահով վայրում, որտեղ կան բոլոր անհրաժեշտ պայմանները, եթե Հայաստանը չընդունի նրա դիակը, ապա այդ հարցը կորոշեն համապատասխան պետական մարմինները։ Մահացածների մարմինները պահվում են հատուկ սառնարաններում, որոնք առկա են դիահերձարաններում։ Նման սառնարաններ կան առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննության և ախտաբանական անատոմիայի ասոցիացիայի բոլոր հանրապետական քաղաքային և շրջանային մասնաճյուղերում։ Սառնարանների ջերմաստիճանը կարգավորվում է անձնակազմի կողմից։ Բայց սառնարաններն ի վիճակի չեն ամբողջությամբ կանգնեցնել մարմինների քայքայման գործընթացը. նրանք միայն կարողանում են որոշ չափով դանդաղեցնել այն։ Երբեմն այդ նպատակով անհրաժեշտություն է առաջանում օգտագործել այլ լրացուցիչ միջոցներ՝ դիակը ֆորմալինով ֆիքսել և այլն»,- նշել է նա։
Մարտի 15-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ Արցախի Հանրապետության բնակիչ Վերա Աղասյանի դին Հայաստան տեղափոխելու հարցը դեռ որոշված չէ։
«Վերա Աղասյանի դին Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու հարցը գտնվում է քննարկման փուլում»,- նշել էին ԱԱԾ-ից։

