Որձ էշին ամորձիներն են զռռացնում
Հայ ժողովրդի բոլոր ժամանակների «միակ տղամարդու» ֆենոմենը…
Ժողովրդական ասացվածքը փաստում է. «Որձ էշին ամորձիներն են զռռացնում»։ Փաստորեն պարզվում է, որ հայ ժողովրդի միակ տղամարդու տիտղոսին բոլոր ժամանակներում կարող է հավակնել ցանկացած մեկը, ով ամենաշատ իշխանությունն ունի երկրում և նա կարող է անարգել ազգի հետ վարվել այնպես, ինչպես կամենա` ցանկացած գնով իշխանությունը վերարտադրել, ցանկացած կամայականություններ թույլ տալ, նվաստացնել, արհամարհել, խաբել, շահագործել, թալանել, վիրավորել, ահաբեկել իր ժողովրդին, ասֆալտին պառկեցնել, պատերովը տալ, ազգի բախտը միանձնյա տնօրինել, երկրի տարածքները նվիրաբերել, բարոյականություն, օրենք ու սահմանադրություն անտեսել ու խախտել, իշխանությունը պահպանելու և ժողովրդին կառավարելի դարձնելու համար այլասերել նրան, բարոյազուրկ դարձնել, նրա արժեքները խեղաթյուրել, հերոսների ու արժանավորների կերպարը նվաստացնել, մտավորականությանը հեգնել, տգիտությունը, ծառայամտությունը, ստորաքարշությունն ու քծնանքը խրախուսել։ Միակ տղամարդու տիտղոսը մինչդեռ լոպազության ու չկայացվածության ցուցադրում է ընդամենը, իշխանության միջոցով կայանալու ու ինքնահաստատվելու փորձ է։ Այդ թույլերն են որպես կանոն շատ արդյունավետ օգտագործում իշխանական լծակները։ Հետո պարզվում է, որ միակ տղամարդիկ իշխանություն կորցնելուց հետո դառնում են սովորական մեկը, ով կարող է հանդուրժել իր ու երկրի նկատմամբ նվաստացում ու վիրավորանք։ Իրականում սակայն չկա և չի կարող լինել միակ տղամարդ։ Իսկական տղամարդն էլ նա է, ով արժանապատվությունն ու հայրենիքը գերադասում է կյանքից, ով պարկեշտ է, երախտապարտ իր հայրենիքին ու ծնողներին, բարյացակամ է և խիզախ, օժտված է կամային բարձր որակներով, ով պատրաստ է պաշտպանելու իր, իր ընտանիքի և հայրենիքի պատիվը, ով ազնիվ է և սկզբունքային։ Իսկ բոլոր ժամանակներում միակ տղամարդուն հանդուրժելն էլ ազգի տղամարդկանց անպատվությունն է, թուլությունն է, խեղճությունն ու ամոթն է։

