ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Վաշինգտոնում պետդեպարտամենտի շենքում բանակցություններ է վարել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ:
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի հասնելու ջանքերին զուգահեռ քննարկվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը: Հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Վաշինգտոնն Անկարային դիմել է աջակցել Ուկրաինայում և Հարավային Կովկասում խաղաղությանը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոյի և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հանդիպման ժամանակ քննարկվել են անվտանգության և առևտրի ոլորտում առանցքային հարցերի շուրջ համագործակցությունը, նշված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թամմի Բրյուսի հայտարարության մեջ:
Ռուբիոն նաև ընդգծել է կայուն միասնական և խաղաղ Սիրիային աջակցելու ուղղությամբ սերտ համագործակցության անհրաժեշտությունը, որը միջազգային ահաբեկչության համար հիմք կամ հարթակ չի լինի։
Հանդիպման արդյունքներով կողմերը պաշտոնական հայտարարությամբ դեռ հանդես չեն եկել։

