Վաղը Միջինք է․ ծիսական հացի խորհուրդը

Մեծ Պահքի 24-րդ օրը` այս տարի մարտի 26-ին, նշվում է Միջինքը:

Միջինքը հիշեցնում է, որ Մեծ պահքը հասել է իր կեսին: Միջինքին Մեծ պահքը չի ընդհատվում, պահեցողները շարունակում են պահք պահել: Եվ մինչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը՝ Սուրբ Զատիկը, մնացել է քսանչորս օր, և որ դեռևս խոկումի, ինքնաքննության, զղջումի ու ապաշխարության օրեր են: Միջինքին եկեղեցական արարողությունները այնքան էլ հարուստ չեն: Միայն այդ օրվանից սկսած` Խաղաղական ժամերգության ընթացքում սկսում են երգել «Ստեղի»՝ ծանր, հանդիսավոր ձայնեղանակով շարականների հատվածներ:

Միջինքի ժողովրդական սովորությունները

Ժողովրդական ավանդության համաձայն՝ Միջինքի օրը ընտանիքներում հայ տանտիկինները ծիսական հաց, բաղարջ են թխում, որը հայտնի է նաև միջնաբաղջ, կլոճ, հարեգիլ, միջնակ լոճ, կուտապ և այլ անվանումներով, որի մեջ պարտադիր դրվում էր որևէ նշան՝ մետաղադրամ, ուլունք, փոքրիկ թղթիկների վրա գրված սաղմոսներ կամ փայտյա խաչ։ Թխելուց հետո այն բաժանում են տան բոլոր անդամներին. բաժին է հանվում նաև անասուններին, հողին: Ում բաժին է հասնում նշանը, նրան հաջողություն է սպասում ողջ տարվա ընթացքում, իսկ եթե դանակը հատում է մետաղադրամը, նշանակում է հաջողությունն ամբողջ ընտանիքինն է:

Հայաստանի որոշ շրջաններում Միջինքի նախորդ օրը եկեղեցիներում թասի մեջ լցնում են ջուր և ձեթ, որում մինչև առավոտ վառվում է խաչաձև պատրույգ: Դա կոչվում է «լիճք»: Առավոտյան այն հավասարաչափ բաժանվում է բոլոր ներկաների միջև, ովքեր այդ ջուրը խմորի հետ խառնելով, պատրաստում են բաղարջը:

Տարբեր շրջաններում տարբեր կերպ են նշել Միջինքը:

Միջինքին բաղարջ չէին պատրաստում այն ընտանիքներում, ուր նոր մահացության դեպքեր էին եղել: Մուշում և Տարոնում բարեկամ կանայք հարեգիլ-բաղարջ էին պատրաստում՝ Միջինքի երեկոյան մատուցելու սգավոր ազգականներին:

Առաջարկում ենք Միջինքի ծիսական հացի բաղադրատոմս։

Բաղադրիչներ

1 կգ ալյուր

100 գ մեղր

150 գ ձեթ

200 գ ջուր

12 գ սոդա

20 գ աղ

ընկուզեղեն

չամիչ

կանեփի սերմեր։

Ալյուրով, մեղրով, աղով, ձեթով, սոդայով և գոլ ջրով, առանց երկար հունցելու պատրաստել խմորը, ծածկել խոնավ շորով և թողնել 15-20 րոպե:

Խմորը բացել կլոր կամ ձվաձև, մեջը միջինքը դնել (դրամ, ուլունք, լոբի, փայտե խաչ և այլն), ապա լցնել մանրացրած ընկույզ, կանեփ ու չամիչ և թխել:

Փռից հանելուց հետո վրան քսել մեղր և շաղ տալ կանեփի սերմերը: