Հայ-թուրքական սահմանը 10 օրով բացվեց. Սիրիային հումանիտար օգնություն տանող բեռնատարները Մարգարայի անցակետում են

Այսօր՝ մարտի 21-ի առավոտյան Միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություններից մեկի 4 բեռնատար ուղևորվեց դեպի հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետ, որտեղից էլ ուղղություն կվերցնեն դեպի Սիրիա:

Մարդասիրական օգնությունը ներառում է սնունդ, դեղորայք, հիգիենայի պարագաներ, նաև առաջին անհրաժեշտության այլ իրեր:

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 20-ին, կառավարության նիստում չզեկուցվող հարցերի շարքում ընդունել է որոշում, ըստ որի մարտի 21-ից 31-ը Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը դարձնում է գործող, որպեսզի այդ երկրի տարածքով հումանիտար բեռներ ուղարկի Սիրիա։

«Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել նաև Հայաստանի կողմից Սիրիային հումանիտար աջակցություն ցուցաբերելու հարցը:

Սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության անունից Սիրիայի Արաբական Հանրապետություն ուղարկվելիք, մարդասիրական օգնության համար նախատեսված բեռները Թուրքիայի տարածքով, ցամաքային ճանապարհով տեղափոխելու անհրաժեշտությամբ», – ասված է որոշման մեջ։