ՀՀ-Ադրբեջան պայմանագրի խնդիրը Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի շահերի գոտում է
Մի փոքր ոչ հաճելի, բայց հանրահայտ ճշմարտություն, Ադրբեջանի հետ պայմանագրի շուրջ ծավալված դիսկուրսի հետ կապված: Եթե դիտարկենք տարբեր տարածաշրջաններում ներքին էթնոքաղաքական կամ փոքր և միջին քաշային կարգի պետությունների միջև եղած հակամարտությունների պատմությունը, ապա պարզ կերևա, որ դրանց լուծումը կամ չլուծումն ու շարունակումը, մեծամասամբ պայմանավորված է տվյալ տարածաշրջանի ուժային կենտրոնների դիրքորոշումներից և նրանց շահերից: Իհարկե, եթե այդ լուծումները որոշակի մարտահրավերներ են պարունակում գլոբալ կշիռ ունեցող գերտերությունների համար, նրանք ևս միջամտում են իրենց շահն ապահովելու նպատակով: Այլ կերպ չի էլ կարող լինել, սա աքսիոմա է, հաստատված իրողություն: Հիմա այս անքննելի ճշմարտությունից ելնելով՝ դիտարկենք պայմանագրի շուրջ դիսկուրսը: Ելնելով ԵՄ-ի և նրա առաջատար պետությունների մայրաքաղաքներից հնչող «շնորհավորանքներից», կարելի է կռահել, որ նրանք մի կողմ են քաշվում, նվազեցնում են ակտիվությունը ուկրաինական ճակատում ստեղծված կատաստրոֆիկ իրավիճակի պայմաններում: Ամեն ինչ հասկանալի է, շուտով իրենց դիտորդներին հետ կկանչեն և կրկին կշնորհավորեն նշելով իրենց «վճռորոշ և հաղթական» խաղաղարար առաքելությունը: ԱՄՆ-ը ևս ուկրաինական բեռի տակ է, գումարած Իրանի և Գազայի հատվածի խնդիրները, առանձնակի շահագրգռվածություն Վաշինգտոնից չի զգացվում, իսկ ՀՀ հետ կնքված «ռազմավարական հզոր» փաստաթուղթը կարծես դարակում փոշոտվում է: Չինաստանի արտաքին քաղաքական քայլերը լրիվ տեղավորվում են տնտեսական ծավալման տրամաբանության մեջ և նույնը նաև մյուս կենտրոններին է վերաբերում: Բոլորովին այլ է ռեգիոնալ դերակատարների պարագայում: Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի շահերի գոտում է ՀՀ-Ադրբեջան պայմանագրի խնդիրը: Այդ պայմանագիրը դեռ չի կնքվել, երբ՞ կկնքվի, ինչ՞ տեքստային փոփոխություններով, ինչպես՞ կնթանան վավերացման գործընթացները Երևանում և Բաքվում, արդյոք՞ ՌԴ-Արևմուտք կոշտ հակամարտության ընթացքը և Ուկրաինա-Թուրքիա նոր մերձեցման նախանշանները (նայեք Զելենսկու լուսանկարը Անկարայում Էրդողանի անձրևանոցի տակ) չեն ազդի այս խաղաղության պայմանագրի ճակատագրի վրա: Հարցերի շարանը կարելի է շարունակել, հատկապես նկատի ունենալով կոմունիկացիաների, սահմանադրության, հավանական իշխանափոխության խնդիրները և Բաքվից հնչող նոր պահանջները: Հավանաբար բուն պայմանագրի կնքումը կձգձգվի, կքննարկեն տեղը, ժամանակը, պայմանները և այլն: Իմ համոզմամբ կնքվի, երբ որ Ադրբեջանը կանաչ լույս ստանա Անկարայից, Հայաստանն էլ Մոսկվայից և Թեհրանից: Այլ կերպ չի կարող լինել, տրամաբանական չէ:
Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր