Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է ներկայացվել

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է ներկայացվել։ Դատախազությունից հայտնեցին.  «Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել 18 դրվագ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, 2 դրվագ պաշտոնական դիրքն օգտագործելով հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գույք օրինականացնելու (փողերի լվացում) և 3 դրվագ՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու համար:

Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը»:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին արդեն առաջադրվել էր մեղադրանք, և առաջին ատյանի դատարանի կողմից նա արդարացվել էր։ Մասնավորապես, նրան առաջադրված մեղադրանքի համաձայն՝ «նա 2008թ ապրիլի 9-ից մինչև 2018թ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակության կատարում»։