Ալիևը Թուրքիայում կրկին խոսել է Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումների մասին
«Նախիջևանը Ադրբեջանի պատմական տարածքն է, որն ավելի քան մեկ դար անջատված է Ադրբեջանի հիմնական մասից և չունի ցամաքային կապ՝ խորհրդային վարչակազմի կողմից Արևմտյան Զանգեզուրը Ադրբեջանից անջատելու և Հայաստանին փոխանցելու պատճառով»,- Թուրքիայում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Հայաստանը շրջափակել էր Նախիջևանը։ Հայերը ցանկանում էին օկուպացնել Նախիջևանը, ինչպես արեցին Ղարաբաղի դեպքում: Հայրս՝ Հեյդար Ալիևը, որն այն ժամանակ Նախիջևանի ղեկավարն էր, դա թույլ չտվեց։ Նախիջևանը չգրավելու պատճառներից մեկը Նախիջևանի և Թուրքիայի միջև Հույսի կամուրջի կառուցումն էր։ Թուրքիայի օգնությունը նշանակալի ներդրում է ունեցել Նախիջևանի անվտանգության գործում»,-ասել է Ալիևը։
Ի դեպ․Նախիջևանը Հայաստանի առաջին հանրապետության մասն է եղել։ Սակայն 1921-ի մարտի 16-ին Խորհրդային Ռուսաստանը և Թուրքիան Մոսկվայում կնքել են պայմանագիր, ըստ որի՝ Նախիջևանը հանձնվել է Խորհրդային Ադրբեջանին։ Ադրբեջանի Հանրապետությանը բռնակցվելուց հետո Նախիջևանն ամբողջությամբ հայաթափվել է։

