1988-ի փետրվարի 20-ին սկսվեց Արցախյան շարժումը
1988 թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու և Հայկական ԽՍՀ-ին միանալու իրենց վճռի մասին և փոխհամաձայնության խնդրագրեր ուղարկեցին Երևան ու Բաքու. դրանով, փաստորեն, սկսվեց ղարաբաղյան շարժումը:
Մարզխորհրդի արտահերթ նիստը շարունակվեց մի ամբողջ օր: Այդ ընթացքում հազարավոր մարդիկ փողոցում, ձյան տակ սպասում էին նրա որոշմանը: Արդեն ուշ գիշեր էր, երբ ժողովրդական պատգամավորներն ընդունեցին պատմական որոշումը: Նրանք դուրս եկան սրահից` միանալով հանրահավաքի հազարավոր մասնակիցների, ովքեր ցնծությամբ ողջունում էին սեփական անկախության և ազատության առաջին րոպեներն ու ժամերը: Հենց այդ օրը Երևանում ևս ցույց էր հաջակցություն արցախահայության:
Ավելի ուշ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր Վաչագան Գրիգորյանն ընթերցեց ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների արտահերթ Խորհրդի 1988թ. փետրվարի 20-ի որոշումը.
ԼՂԻՄ-Ը ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽՍՀ ԿԱԶՄԻՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԿԱԶՄ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՀԱՐՑՈՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՌՋԵՎ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Լսելով և քննարկելով ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու մասին Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդների առջև միջնորդության մասին ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային խորհրդի պատգամավորների ելույթները, ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշեց.
Ընդառաջելով ԼՂԻՄ աշխատավորների ցանկություններին, խնդրել Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդին և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդին ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերի խոր ըմբռնման զգացում և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու մասին հարցը, միաժամանակ ԽՍՀ Միության Գերագույն խորհրդի առաջ միջնորդել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմի մեջ անցնելու հարցի դրական լուծման մասին:
Սակայն փետրվարի 21-ին ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրոն ընդունեց մի որոշում, որը, ըստ էության, հակասում էր ժողովուրդների ինքնորոշման միջազգային սկզբունքին: Խնդրի քաղաքական կարգավորումը Մոսկվան փորձում էր փոխարինել սոցիալ-տնտեսական միջոցառումների կիրառությամբ, ինչն առաջ բերեց մարզի բնակչության բուռն դժգոհությունը: Ժողովրդական պատգամավորների Մարզխորհրդի նստաշրջանը տեղի ունեցով պաշտոնական Բաքվի ներկայացուցիչների և կուսակցության մարզկոմիտեի առաջին քարտուղար Բորիս Գևորկովի սուր հակադրության պայմաններում:
1991 թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի ունեցավ հանրաքվե: Քվեաթերթիկում դրված էր հետևյալ հարցը. «Համաձա՞յն եք Դուք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն, ինքնուրույն որոշելով համագործակցության ձևը ուրիշ պետությունների և ընկերակցությունների հետ»: Ընտրական ձայնի իրավունք ունեցող 132 328 հոգուց քվեարկությանը մասնակցեց 108 736-ը (82.2 %), 108 615 մարդ (քվեարկողների 99.89%-ը) «կողմ» քվեարկեց անկախությանը։
1992 թ. հունվարի 6-ին ԼՂՀ Գերագույն խորհուրդն ընդունեց ԼՂՀ պետական անկախության հռչակագիրը՝ դրանով իսկ օրենսդրորեն ամրագրելով ինչպես հանրաքվեի արդյունքները, այնպես էլ ավելի վաղ ընդունված այն իրավական ակտերը, որոնցով իրականացվում էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքը ինքնուրույն որոշելու քաղաքական կարգավիճակը:
1992 թ. հունվարի 8-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի նստաշրջանն ընտրեց հանրապետության օրենսդիր մարմնի ղեկավարին՝ Արթուր Մկրտչյանին։ Նախարարների խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվեց Օլեգ Եսայանը։
Ադրբեջանական կողմը մարզի` ԼՂՀ-ի որոշմանը պատասխանեց ագրեսիայով, որը վերաճեց տևական այրունահեղ պատերազմի:

