Որո՞նք են իշխանության «լյուբիմչիկ» կուսակցությունները

Ներկայացնում եմ 2019-ից (2020-ը չհաշված, այդ տարի որևէ կուսակցության գումար չի տրամադրվել ) 2024 թվականները ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում ստացած թոփ կուսակցություններին: Այսպես՝ իշխանության «լյուբիմչիկ» կուսակցությունների մեջ առաջին հորիզոնականը զբաղեցնում է.

Հարազատ կուսակցությունը՝ ՔՊ-ն, որին 5 տարիների ընթացքում տրամադրվել է 681 755 000 ՀՀ դրամ՝ մոտ 1 700 000 $:

2-րդ հորիզոնականում է ընդդիմադիր Հայ Հեղափոխական դաշնակցությունը, որին այս տարիների ընթացքում տրամադրվել է 365 735 000 ՀՀ դրամ՝ մոտ 915 000 $: Ի դեպ, 2021-ին նախատեսված է եղել ՀՅԴ-ին տրամադրել ևս 10 463 000 ՀՀ դրամ, սակայն չի վճարվել, թե ինչու, պետք է ճշտել իրենցից, գուցե ինչ-որ տարաձայնություն են ունեցել, ո՞վ իմանա:

3-րդ հորիզոնականում է Գագիկ Ծառուկյանի չգիտեմ էլ ընդդիմադիր, թե դիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որին էլ տրամադրվել է 158 222 600 ՀՀ դրամ՝ մոտ 396 000 $:

Լյուբիմչիկների շարքում հաջորդը Արամ Սարգսյանի ղեկավարած  «Հանրապետություն» կուսակցությունն է, որին տրամադրվել է 112 693 000 ՀՀ դրամ՝ մոտ 281 730 $, ապա Սյունիքի նախկին մարզպետ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի նախկին տնօրեն Վահե Հակոբյանի ղեկավարած մի ժամանակ ընդդիմադիր դիրքավորված «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը, որն էլ ստացել է 81 368 000 ՀՀ դրամ՝ մոտ 203 000 $:

Իշխանությունն ամենաքիչը սիրում է ՀՀԿ-ին, որին 5 տարիների ընթացքում տրամադրվել է ընդամենը 7 800 000 ՀՀ դրամ՝ մոտ 19 500$ , ապա Էդմոն Մարուքյանին, որի կուսակցությունն էլ ստացել է 10 528 000 ՀՀ դրամ` մոտ 27 000 $:

 

Հասարակական գործիչ Անի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից