Ռոբերտ Քենեդին նշանակվել է ԱՄՆ առողջապահության նախարարի պաշտոնում

ԱՄՆ Սենատի հաստատումից հետո Ռոբերտ Քենեդի Կրտսերը ստանձնել է առողջապահության նախարարի պաշտոնը՝ վերահսկողության տակ վերցնելով ԱՄՆ առողջապահական հսկայական համակարգը։ Քենեդիի օգտին քվեարկել է 52,  դեմ՝ 48 սենատոր։ Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը։

Երդման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ Գերագույն դատարանի դատավոր Նիլ Գորսաչիի ներկայությամբ։

Դեմ քվեարկած սենատորները քննադատություն են հնչեցրել Քենեդիի հասցեին՝ հիմնականում մատնանշելով նրա հակասական պնդումները պատվաստանյութերի և առողջապահական ոլորտում փորձի բացակայության առնչությամբ:

Ռոբերտ Քենեդին հայտնի է պատվաստանյութերի նկատմամբ իր բացասական դիրքորոշման համար։

Նա նաև նպատակ ունի վերացնելու ԱՄՆ-ում քրոնիկ հիվանդությունների բարձր ցուցանիշները և վերականգնելու ամերիկացիների վստահությունը առողջապահական համակարգի նկատմամբ:

Որպես առողջապահության նախարար՝ Քենեդին ղեկավարելու է 1,7 տրիլիոն դոլարի բյուջեն և վերահսկելու է առողջապահական ապահովագրությունը, սննդի անվտանգությունը և պատվաստանյութերի հաստատումը կառավարող գործակալությունները: