Իդեալական աշխարհում ամեն երկիր ինքը պետք է ի վիճակի լինի վերահսկել իր սահմանները․ ԱԳ փոխնախարար
«Հայաստանի սահմանային անվտանգության կարողությունների զարգացման համար Միացյալ Նահանգների աջակցությունը նպաստելու է հայ-թուրքական և հայ-իրանական սահմանից ռուս սահմանապահների դուրսբերմանը»,- Ազգային ժողովում ասաց ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ի՞նչ է նշանակում «սահմանային անվտանգության կարողությունների ամրապնդում»։
Նրա խոսքով, դա միշտ իրականացվել է երրորդ երկրի կողմից. «Վերջապես պետք է կարողանանք մեր սահմանն ինքներս վերահսկենք։ Իդեալական աշխարհում ամեն երկիր ինքը պետք է ի վիճակի լինի վերահսկել իր սահմանները»։
Փոխնախարարն ասաց, որ այդ աջակցությունը միտված է մեր կարողությունների բարձրացմանը՝ համապատասխան փորձառության փոխանցմամբ և այլ ասպեկտներում։
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնակարգ։ Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ մաքսային և սահմանային պարեկային թիմ կուղևորվի Հայաստան՝ հայ գործընկերների հետ աշխատելու սահմանային անվտանգության կարողությունների զարգացման վրա։

