Պենտագոնը լրացուցիչ ուժեր կուղարկի Մեքսիկայի հետ սահման
ԱՄՆ-ը անօրինական ներգաղթյալների՝ երկիր մուտք գործելու դեմ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հայտարարված միջոցառումների շրջանակներում լրացուցիչ ուժեր է ուղարկում Մեքսիկայի հետ սահման: Այս մասին հայտնել է Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Ռոբերտ Սելսիսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Պաշտպանության նախարարությունը կսկսի ամրապնդել հարավարևմտյան սահմանը, այնտեղ լրացուցիչ կտեղակայի 1500 զինծառայող, ինչպես նաև ուղղաթիռներ՝ անձնակազմերով ու հետախուզության վերլուծաբաններով՝ հայտնաբերելու և մոնիթորինգի միջոցառումներին աջակցելու համար», – ասվում է Սելսիսի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Պենտագոնի կայքում:
Նրա խոսքով՝ այդպիսով 60 տոկոսով կմեծանա ցամաքային ուժերի ներկայությունը սահմանին՝ Թրամփի կողմից պաշտոնն ստանձնելու պահից ի վեր։ Ավելի վաղ, ԶԼՄ-ների տվյալներով, սահմանին տեղակայվել էր 2500 զինվորական։
Պենտագոնը նաև օդուժ կտրամադրի Սան Դիեգոյից, Կալիֆորնիայից և Էլ Պասոյից ավելի քան 5000 անօրինական ներգաղթյալների արտաքսելու համար, և օգնություն կցուցաբերի ժամանակավոր ու մշտական ֆիզիկական արգելապատեր կառուցելու գործում՝ նրանց հոսքն ու անօրինական թրաֆիքինգը կանխարգելելու նպատակով:
Հունվարի 21-ին Թրամփը հրամանագիր էր ստորագրել ԱՄՆ-ի հարավային սահմանին արտակարգ դրություն հայտարարելու մասին։