Թրամփի վարչակազմը թույլատրել է վտարել անլեգալ միգրանտներին առանց դատի
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը (ՆԱՆ) ընդլայնել է ամերիկյան իրավապահների լիազորությունները՝ նրանց թույլ տալով վտարել անլեգալ միգրանտներին այսպես կոչված արագացված ընթացակարգով, այսինքն՝ առանց իմիգրացիոն դատարանի թույլտվության։
«Այս փոփոխության արդյունքը կդառնա ազգային և հասարակական անվտանգության ամրապնդումը՝ միաժամանակ նվազեցնելով պետական ծախսերը, հեշտացնելով ներգաղթի վերաբերյալ որոշումների արագ կայացումը»,- նշվել է գերատեսչության հրամանում, որը տրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության հաջորդ օրը: ՆԱՆ տեղեկացմամբ՝ այս որոշումը «կապահովի Միացյալ Նահանգներից այն մարդկանց վտարումը, ովքեր իրավունք չունեն մուտք գործել և մնալ [երկրում], ինչպես նաև չունեն վտարումից պաշտպանվելու իրավունք»:
Ինչպես պարզաբանել է The New York Times-ը, նախկինում արտաքսման արագացված ընթացակարգը կիրառվում էր հիմնականում հարավային նահանգներում, որոնք բախվում են անօրինական միգրանտների մեծ հոսքին։ Այժմ թույլատրվում է արագացված ընթացակարգով նրանց արտաքսել ԱՄՆ ողջ տարածքում։

