23 անհետ կորած Բերքաձորի բենզինի պահեստի պայթյունից հետո․ զեկույց
«Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոն»-ը «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն»-ի հետ համատեղ փաստագրել է 2023-ի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ճանապահին՝ Բերքաձորում բենզինի պահեստում պայթյունի հետևանքով անհետ կորածների պատմությունները և պատրաստել զեկույց, որը կուղարկվի միջազգային կառույցներին։
Այս զեկույցը միասնական տեղեկատվական ռեսուրս է, որը ստուգված տվյալներ է տրամադրում անհետ կորածների կյանքի և պայթյունի պահին նրանց հետ կապված այլ հանգամանքների մասին։ Զեկույցով կոչ է արվում Ադրբեջանին տրամադրել բոլոր հասանելի տեղեկությունները պայթյունի հետևանքով անհետ կորած անձանց մասին՝ նրանց հայտնաբերելու աշխատանքներին օգնելու համար։
Կից ներկայացնում ենք զեկույցի հակիրճ և համապարփակ տարբերակը։
«2023թ․ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ճանապահին՝ Բերքաձորում գտնվող բենզինի պահեստում մեծ պայթյուն է տեղի ունեցել։ Պայթյունի պահին պահեստում հարյուրավոր արցախցիներ սպասում էին բենզին ստանալու իրենց հերթին, որպեսզի կարողանային տարհանվել։ Պայթյունը խլել է 218 մարդ կյանք, հարյուրավոր մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, իսկ 23 անձի ճակատագիր դեռևս անհայտ է մնում։
Պայթյունի պատճառը դեռ հայտնի չէ։ Ադրբեջանը միջադեպի առնչությամբ որևէ քննչական գործողություն չի ձեռնարկել և պայթյունի հետևանքով անհետ կորած հայերի պատշաճ որոնում չի իրականացրել: Հետաքննություն չանցկացնելով Ադրբեջանն անտեսել է իր իրավական պարտավորությունները։ Պայթյունին նախորդած ժամանակահատվածում Ադրբեջանը մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ է թույլ տվել․ շրջափակում, համատարած խուճապ, վառելիքի սակավ մատակարարում և պատերազմ: Եվ այդ խախտումների շարունակականությունն է հանգեցրել սեպտեմբերի 25-ի ողբերգական պայթյունին։
Ադրբեջանն ունի Արցախի Հանրապետության տարածքի ամբողջական վերահսկողություն, մուտք պայթյունի վայր, ինչպես նաև անհետ կորած անձանց ԴՆԹ հետազոտության համար նախատեսված նմուշները ստանալու հնարավորություն։ Չձեռնարկելով համապատասխան միջոցներ անհետ կորածների որոնման և նրանց մասին տեղեկությունների տրամադրման առնչությամբ՝ Ադրբեջանը խախում է մարդու իրավունքների միջազգային իրավունքի նորմերը՝ զրկելով ընտանիքներին իրենց հարազատների ճակատագրի և գտնվելու վայրի մասին իմանալու իրավունքից: Ադրբեջանը պարտավոր է տրամադրել հասանելի բոլոր տեղեկությունները։
«Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոն»-ը «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն»-ի հետ համատեղ փաստագրել է պայթյունի հետևանքով անհետ կորածների պատմությունները և պատրաստել զեկույց, որը կուղարկվի միջազգային կառույցներին։ Այն նպատակ ունի ապահովել միջազգային ճնշում, որպեսզի Ադրբեջանը կատարի իր միջազգային պարտավորությունները և աշխատանքներ իրականացնի պայթյունի հետևանքով անհետ կորած 23 անձանց հայտնաբերման համար։
Այս զեկույցը միասնական տեղեկատվական ռեսուրս է, որը ստուգված տվյալներ է տրամադրում անհետ կորածների կյանքի և պայթյունի պահին նրանց հետ կապված այլ հանգամանքների մասին։ Զեկույցով կոչ է արվում Ադրբեջանին տրամադրել բոլոր հասանելի տեղեկությունները պայթյունի հետևանքով անհետ կորած անձանց մասին՝ նրանց հայտնաբերելու աշխատանքներին օգնելու համար։ Նման տեղեկատվությունը թաքցնելով Ադրբեջանը խոչընդոտում է որոնողական աշխատանքների բնականոն ընթացքը՝անտեսելով միջազգային իրավունքը և երկարացնում է ընտանիքների տառապանքը, որոնք իրավունք ունեն առնվազն տեղյակ լինելու իրենց հարազատների ճակատագրերի մասին։

