Ուկրաինական անօդաչուները գրոհել են սպիրտի գործարանը Տամբովի մարզում

Հունվարի 14-ի երեկոյան ուկրաինական անօդաչուն գրոհել է Տամբովի մարզի Նովայա Լյադա գյուղի սպիրտի գործարանը, հայտնել են Shot-ը և Astra-ն։

Նրանց խոսքով՝ գործարանի տարածքում մի քանի պայթյուն է լսվել, գործարանում հրդեհ է բռնկվել։ Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Astra-ն, անօդաչուի  թիրախը  կարող է եղած լինել նաև Նովայա Լյադայում գտնվող զորադաշտը։

Տարածաշրջանի կառավարությունը հաստատել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը և ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերը գյուղի վրա անօդաչու թռչող սարք են խոցել։ Խոցված անօդաչուի բեկորները հայտնաբերվել են Յուբիլեյնայա փողոցում։ Դրանք կառչել են ծառի ճյուղերից։ «Տներից մեկում աննշան վնասներ կան։   Տուժածներ  չկան»,- նշվել է պաշտոնական հաղորդագրությունում։

Նովայա Լյադայում է գտնվում Ռուսաստանի ամենամեծ սպիրտի գործարաններից մեկը՝ «Ամբեր Տալվիս»-ը: Այն պատկանել է «Ստոլիչնայա» և «Մոսկովսկայա» օղու բրենդների սեփականատեր Յուրի Շեֆլերին, որը 2002թ. լքել է Ռուսաստանը և տեղափոխվել Շվեյցարիա։ 2024թ. հուլիսին Տամբովի շրջանային դատարանը բավարարել է ՌԴ գլխավոր դատախազության հայցը և ազգայնացրել գործարանը։