Բայդենը Կալիֆորնիայի հրդեհներն անվանել է ամենակործանարարը նահանգի պատմության մեջ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կալիֆորնիայում բռնկված հրդեհները, որոնց տարածությունը հասել է գրեթե 11 հազար հեկտարի, անվանել է նահանգի պատմության մեջ ամենաընդգրկուն և ամենակործանարար հրդեհները։ Բայդենն այդ մասին հայտարարել է հունվարի 9-ին կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է rbc.ru-ն:

«Դրանք ամենաավերիչ հրդեհներն են Կալիֆորնիայի պատմության մեջ», – ասել է նա:

Ինչպես նշել է Բայդենը, ԱՄՆ իշխանությունները Կալիֆորնիա են ուղարկում լրացուցիչ հրշեջ բրիգադներ և ավիացիա՝ կրակը մարելու համար։ Ներգրավված են հրշեջ բրիգադներ և հրշեջ ինքնաթիռներ նաև Կանադայից։

«Այս պահին տարհանվել է 360 հազար մարդ»,- հայտնել է ԱՄՆ նախագահը։

Պատասխանելով լրագրողների հարցին հրդեհներից հետո վերականգնման պոտենցիալ արժեքի մասին՝ Բայդենը ստույգ գումար չի հայտնել, սակայն նշել է, որ դա շատ մեծ թիվ կլինի։