ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը. «Ազատություն»
Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայումը։ «Ազատությանը» հայտնել են բարձր ներկայացուցչի մամուլի գրասենյակից։
«Անդամ երկրները ողջունել են առաջարկը և այս պահին քննարկում են անհրաժեշտ օրինական ակտերը՝ Եվրամիության խորհրդի համապատասխան մարմինների հետ։ Խորհրդի որոշումը երկարաձգման շուրջ սպասվում է առաջիկա օրերին», – նշված է «Ազատությանը» տրամադրված գրավոր պատասխանում։
Բաքուն ամիսներ շարունակ առաքելությանը մեղադրում է լրտեսության և տարածաշրջանի կայունությունը խախտելու մեջ։
Բարձր ներկայացուցչի գրասենյակից այս մեղադրանքներին ի պատասխան ասել են. «Հայաստանում Եվրամիության առաքելության մանդատը շատ հստակ է՝ դիտարկել և զեկուցել տեղում՝ հողի վրա Հայաստանի կողմից հայ – ադրբեջանական սահմանի իրավիճակը և նպաստել հայ – ադրբեջանական կարգավորման հարցում Եվրամիության ջանքերին: Դիտորդական առաքելության տեղակայումից ի վեր զինված միջադեպերի թիվը սահմանամերձ տարածքներում զգալիորեն նվազել է։ Ինչպես հայտնի է, ԵՄ-ն Ադրբեջանին պարբերաբար տեղեկացնում է առաքելության գործունեության մասին»։
2023-ի փետրվարին Հայաստան են ժամանել նախ 100 քաղաքացիական դիտորդներ, ապա ամիսներ անց նրանց թիվը կրկնապատկվել է։
Բաքուն պահանջում է դադարեցնել ԵՄ առաքելության գործունեությունը սահմանին: Նոյեմբերի 22-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ այդ կետը Բաքվի հետ իսկապես քննարկվում է, և որ հայկական կողմն Ադրբեջանին հանդիպակաց առաջարկել է ԵՄ դիտորդներին հեռացնել սահմանազատված հատվածներից։

