Անհայտ կորած զինծառայողների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան

Անհայտ կորած զինծառայողների հարազատները Ազգային ժողովի մոտ փակել են Բաղրամյան պողոտան։ Նրանք ցանկանում են հանդիպել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին։

«Ուզում ենք հանդիպել Անդրանիկ Քոչարյանի հետ, բայց չի գալիս հանդիպման։ Նա հայտարարել է՝ ավարտվել է քննիչ հանձնաժողովի աշխատանքները, մենք էլ տուժողների իրավահաջորդներն ենք, օրինական իրավունք ունենք չէ՞, գանք ու հարցնենք՝ ինչ են պարզել։ Մեզ պետք է պատասխան տան։

Հրապարակային ազգանուններ չեմ հնչեցնի, բայց շատ մարդիկ կան, ովքեր պետք է գային ու քննիչ հանձնաժողովում  հարցաքննվեին»,- ասաց 44-օրյա պատերազմում զոհված Արմեն Ղուկասյանի եղբայր, 44-օրյա պատերազմում անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանը՝ նշելով, որ բազմիցս դիմել են Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպելու համար։

«Այսօր իջել է օգնականը, ասել՝ 4 հոգու կընդունի։ Մենք ասացինք՝ 15-20 ծնող ենք, թող ինքը բարի լինի, բոլորին ընդունի, կամ կարող է իջնել այստեղ։ Հարցեր կան, որ բոլորս տանք։ Չեկավ, չի գալիս։

Անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատն էլ շարունակեց. «Եթե մարդը խուսափում է գալ ու մեր հարցերին պատասխանել, ուրեմն վախկոտ է»։

«Մենք վկա ենք երկրի բարձրագույն իշխանության անտարբեր վերաբերմունքին դեպի իր զինվորը, կամավորականը, ովքեր իրենց կյանքը դրել են այս հայրենիքի համար։ Դա է այս շենքում գտնվող բոլորի վերաբերմունքը ։ Փաստացի տեղյակ լինելով, որ այստեղ ենք, ոչ ընդդիմությունից, ոչ իշխանությունից մեր կողքին չեն։

Ապազգային իշխանություն է»,- նշեց անհետ կորածի հարազատը։